25 փետրվարի 2025 - 16:12 AMT
Եղոյանը Մամեդովի հայտարարությունը խոչընդոտ է կոչել ՀՀ սահմանադրական բարեփոխումների համար

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը գնահատել է որպես խոչընդոտ Հայաստանի Սահմանադրական բարեփոխումներին, հայտնում է Panorama.am-ը։

Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Այս պահին մենք սպասում ենք, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ Սահմանադրության փոփոխությունների միջոցով օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»։

«Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ ՀՀ-ում կատարել սահմանադրական բարեփոխումներ։ Ես այդպես եմ դա գնահատում», – ՀՀ-ԵՄ խորհրդարանական կոմիտեի համանախագահների ասուլիսի ընթացքում նշել է Արման Եղոյանը։

Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի նախագծի 17 կետից 15-ը համաձայնեցված են, և դրանցից ոչ մեկը չի առնչվում ՀՀ սահմանադրությանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:

Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: