25 փետրվարի 2025 - 16:29 AMT
Նախարար․ Հարցվածների 72%-ը վստահում է ոստիկանությանը կամ չի դժգոհում

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ-ի գործընկերների մասնակցությամբ իրականացված սոցիալական հարցումների համաձայն՝ հարցվածների մոտ 72%-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում և չի դժգոհում նրա աշխատանքից։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում՝ ներկայացնելով ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները։

«Իհարկե, սա մակարդակ է, որը պետք է պահպանել և շարունակաբար բարձրացնել։ Մեր բոլոր փոփոխությունները միտված են հենց այդ նպատակին։ Պարեկային ծառայությունն արդեն գործում է ամբողջ հանրապետությունում, և դրա ներդրման արդյունքում արձանագրվել են մի շարք դրական արդյունքներ»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ Ներքին գործերի նախարարությունն իր ձևավորման սկզբնական փուլում է, սակայն արդեն իսկ ակտիվ աշխատանք է տարվում՝ հաշվի առնելով եվրոպական փորձը և ԵՄ գործընկերների օժանդակությունը, հայտնում է Արմենպրեսը։

«Իհարկե, կարողությունների զարգացումը մշտական գործընթաց է, և մենք շարունակելու ենք այս ուղղությամբ ջանքերի մեկտեղումը»,- ընդգծել է ՆԳ նախարարը։

Սարգսյանը նաև ԵԽ պատգամավորներին ներկայացրել է միգրացիոն ծառայության ոլորտում իրականացված և շարունակվող բարեփոխումները։

«Անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ պիտի նշեմ, որ բավականին լուրջ արդյունքներ են գրանցվել, և սա փաստում է ոչ միայն ՆԳՆ-ն՝ որպես շահագրգիռ կառույց, այլև միջազգային հանրությունը և մեր քաղաքացիները։ Տարբեր հարցումների արդյունքները, որոնք անցկացվել են մեր քաղաքացիների շրջանում նաև ԵՄ աջակցությամբ, ցույց են տալիս, որ այս բարեփոխումների շնորհիվ ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է»,- նշել է նախարարը։

Նա նաև հիշեցրել է, որ 2024 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է 2024-2026 թվականների համար ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը։

«Այս պահին մենք ձեռնամուխ ենք լինում նաև հանցավորության կանխարգելման նոր ռազմավարության մշակման աշխատանքներին, որոնք չափազանց կարևոր են հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։