Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներին։
Նա ընդգծել է, որ այս գործընթացը պահանջում է ժամանակ և համապատասխան բարեփոխումներ, հայտնում է Auroranews.am-ը։
«Ակնհայտ է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ տարի։ Այս գործընթացը ժամանակ ու ջանք է պահանջում։ Սակայն ցանկացած բարեփոխում, որը Հայաստանը կընդունի ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, երկիրն ավելի ուժեղ կդարձնի, ի վերջո, նա կհայտնվի այն դիրքում, որում ցանկանում է իրեն տեսնել», – նշել է Ուշակովսը։
Նրա խոսքով՝ իրականացվող բարեփոխումները կամրապնդեն երկիրը՝ հնարավորություն տալով ավելի վստահ որոշումներ կայացնել ապագայի համար։
Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։