Եթե Հայաստանի կենտրոնական բանկն առաջիկայում խստացնի վարկավորման նկատմամբ վերահսկողությունը, ապա հնարավոր է, որ բանկերը որոշեն զսպել սպառողական վարկերի տրամադրումը։ Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ անդրադառնալով ԿԲ-ի հայտարարությանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Փետրվարի 13-ին Կենտրոնական բանկը հրապարակել էր «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ բանկերի նկատմամբ 2025-2027 թվականներին իրականացվող պրուդենցիալ վերահսկողության առաջնահերթություններ» փաստաթուղթը։ Դրանում նշվում է, որ առաջիկա տարիներին ԿԲ-ն նախատեսում է ուժեղացնել հիփոթեքային և սպառողական վարկավորման շուկայի ռիսկերի գնահատումը՝ պարզելու, թե արդյոք բանկերը չեն ցուցաբերում ավելորդ ռիսկային վարք՝ շահույթի ձգտման շրջանակում։
Բանկերի միության նախագահը ենթադրում է, որ այս քայլը պայմանավորված է վարկային պորտֆելի կենտրոնացվածությամբ, քանի որ 2024 թվականին տրամադրված վարկերի 45%-ը կազմել են հենց հիփոթեքային և սպառողական վարկերը։
«Եթե ընդունենք, որ հիփոթեքային վարկավորման աճը հիմնականում պայմանավորված է եղել եկամտահարկի վերադարձի ծրագրի սահմանափակումներով, ապա կարելի է ենթադրել, որ 2025-ին հիփոթեքային վարկերի ծավալների աճ չի լինի։ Ինչ վերաբերում է սպառողական վարկերին, դա ԿԲ-ին ավելի տեսանելի է։ Կարծում եմ, բանկերը հարգանքով կմոտենան այդ որոշմանը և ռիսկերի զսպման համատեքստում հնարավոր է սահմանափակեն սպառողական վարկերի տրամադրումը»,- նշել է Ազատյանը։
Այնուամենայնիվ, նրա համոզմամբ, հայաստանյան բանկերն այսօր ունեն բավարար կապիտալ և իրացվելիություն, ինչը թույլ է տալիս հաշվի առնել սեփական ռիսկերը և շարունակել վարկավորումը։ Սակայն ԿԲ-ն, մակրոտնտեսական իրավիճակը գնահատելով, կարող է անհրաժեշտ համարել որոշակի սահմանափակումների կիրարկումը։
Ազատյանը նաև անդրադարձել է 2025 թվականից շինարարության ծավալների հնարավոր կրճատման ազդեցությանը բանկային համակարգի վրա։ Նրա կարծիքով, բանկերը վերլուծել են հնարավոր զարգացումները և պատրաստ են դիմակայել սթրեսային իրավիճակներին։
«Բանկերը կարող են շարունակել ֆինանսավորել նաև այլ շինարարական նախագծեր, օրինակ՝ ճանապարհաշինություն, ջրամբարաշինություն և պետական ծրագրեր՝ չսահմանափակվելով միայն բնակարանային շինարարությամբ։ Վստահ եմ, որ բանկերի սթրես-սցենարներում այս գործոններն արդեն ներառված են, և 2025 թվականին որոշ ճշգրտումներ կլինեն»,- ասել է Ազատյանը։
Վերջին 10 տարիների ընթացքում (2014-2024թթ.) Հայաստանում հիփոթեքային վարկավորման պորտֆելը աճել է 7 անգամ, հասնելով 1 տրլն 423 մլրդ դրամի (մոտ 3.576 մլրդ դոլար)։ Այդ աճը հիմնականում պայմանավորված է եղել 2015 թվականից գործող եկամտահարկի վերադարձի ծրագրով, որը նախատեսված էր առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակարան գնողների համար։ Սակայն 2022 թվականից կառավարությունը սկսել է աստիճանաբար դադարեցնել այս ծրագիրը։