Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթացող նիստում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փորձել են մեղադրանք ներկայացնել՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման։ Սեյրան Օհանյանը և նրա պաշտպան Կարեն Մեժլումյանն ուշադրություն են հրավիրել այդ հանգամանքին։
Սեյրան Օհանյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ԱԺ պատգամավորներ են, ուստի նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է ունենալ Ազգային ժողովի համաձայնությունը:
«Մեղադրանքի համար թույլտվություն է պետք, անձեռնմխելիությունից զրկեք, հետո ինչ ուզում եք արեք»,–ասել է Օհանյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Օհանյանը նշել է, որ իրեն վերագրվող պաշտոնը սխալ է ներկայացվել միջնորդության մեջ։ Նա ընդգծել է, որ զբաղեցրել է ԳՇ պետ-ՊՆ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, և համարել է վիրավորական, որ իր ներկայիս պաշտոնն անտեսվել կամ մոռացվել է։
Ըստ Օհանյանի՝ այս դատական գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի, սակայն չի կարող ասել, թե որքանով է այդ հանգամանքը առնչվում դատավորին։ Ի պատասխան՝ դատավորը նշել է, որ այս քրեական գործը մյուս գործերից տարբերվում է միայն իր համարով, և որևէ փաստարկ չկա, որ նախագահող դատավորը քաղաքականացված է։
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը նշել է, որ սա, ըստ էության, նոր մեղադրանք առաջադրելու գործընթաց է, մինչդեռ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հնարավոր է սկսել միայն ԱԺ-ի համաձայնությամբ, հայտնում է Factor.am-ը։
Այսպիսով, պաշտպանը հարցականի տակ է դրել Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրինականությունը։
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը։
Դատական գործընթացը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին։ 2018 թվականին վերոնշյալ անձանց մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար, սակայն Սահմանադրական դատարանը ճանաչել էր նրանց վերագրվող հոդվածը հակասահմանադրական, ինչի հետևանքով առաջին ատյանի դատարանը դադարեցրել էր նրանց նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել Մարտի 1-ի գործի վարույթը։
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը բեկանել է գործը կարճելու որոշումը և այն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Ներկայումս դատախազությունը միջնորդել է նոր իրավական գնահատական տալ գործով անցնող նախկին պաշտոնյաների արարքին։ Ըստ մեղադրող կողմի՝ Քոչարյանին և մյուսներին պետք է մեղսագրվի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մեղադրանք։