ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել է, որ երկրի սահմանների մոտ առաջացած հրդեհների և Ադրբեջանի կիրառած ֆոսֆորային զենքի ազդեցության միջև պատճառահետևանքային կապի ուսումնասիրություն չի իրականացվել, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախարարությունից հաստատել են, որ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական ուժերը կիրառել են միջազգային արգելքի տակ գտնվող կասետային զինամթերք, ինչպես նաև սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զինատեսակներ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերլուծվել են նշված ժամանակահատվածում ՀՀ սահմաններում այրված անտառային տարածքների «Սենտինել-2Ա» արբանյակային պատկերները, և վերլուծության արդյունքում հայտնաբերվել են այրված տարածքներ Սյունիքի և Տավուշի մարզերում, հրդեհների ընդհանուր մակերեսը կազմել է 537 հա։ Ներկայացված տվյալները վերաբերում են միայն այրված տարածքների գնահատմանը, և հրդեհների պատճառահետևանքային կապը ֆոսֆորային զինամթերքի կիրառման հետ առանձին ուսումնասիրված չէ»,– ասված է գերատեսչության պատասխանում։
Միևնույն ժամանակ նախարարությունից նշել են, որ Ադրբեջանի գործողությունները շրջակա միջավայրի համար ծանր հետևանքներ են ունեցել՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի և ջրի երկարատև աղտոտում։
2020-ի դեկտեմբերին DFRLab լաբորատորիան արբանյակային լուսանկարներով հաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերի վերահսկած անտառների մեծ հատվածներ հրկիզվել են այն ժամանակ, երբ հայկական կողմը տեսանյութեր հրապարակեց և պնդեց Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակ կիրառելու մասին։