26 փետրվարի 2025 - 13:42 AMT
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին՝ նրանց հնարավորություն տալով կապ հաստատել ընտանիքների հետ։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հանդիպումներն անցել են առանձնազրույցի ձևաչափով։

ԿԽՄԿ ներկայացուցիչների նախորդ այցը տեղի էր ունեցել 2025 թվականի հունվարին։

Պաշտոնական Բաքուն հաստատում է 23 հայ գերիների գերեվարման փաստը, որոնցից 17-ն Ադրբեջան են տարվել 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։

Գերեվարվածների շարքում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։