Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որը մի շարք փոփոխություններ է նախատեսում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում։
Նախատեսվում է, որ փոփոխությունների շնորհիվ ատեստավորման ընթացքը կլինի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ։
Նախագիծը նախատեսում է, որ էլեկտրոնային թեստավորման առաջին փուլում կգործի բողոքարկման հնարավորություն, ինչը գործող կարգավորումներով նախատեսված չէր, հայտնում է Iravaban.net-ը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայիս կարգով, անկախ դասավանդած առարկաների քանակից, ուսուցիչը կարող էր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ Սակայն նոր փոփոխությամբ ուսուցիչը կարող է դիմել նաև դասավանդած այլ առարկայից, իսկ եթե ատեստավորումը հաղթահարի, ապա հավելավճար կստանա նախկին կարգի համաձայն՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման։
Ըստ նախագծի՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո կամավոր ատեստավորման հայտերը կընդունվեն էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ Այս փոփոխությունը կնպաստի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծմանը, որտեղ ուսուցիչները կկարողանան դիմել մանկավարժական աշխատանքի ընդունման, մասնագիտական զարգացման և այլ ծրագրերի մասնակցության համար։
Նախագծում անդրադարձ է կատարվել նաև տեխնիկական խնդիրների առկայության դեպքում դրանց տեղում լուծման հնարավորությանը։ Գործող կարգով թեստավորման ավարտից հետո մասնակիցը պետք է անմիջապես դուրս գար քննասենյակից, մինչդեռ նոր կարգով, եթե թեստավորումից անմիջապես հետո առաջանա տեխնիկական խնդիր, մասնակիցը կկարողանա ստանալ պարզաբանում։
Փոփոխություններով սահմանվել է նաև պարտադիր վերապատրաստման պահանջ այն ուսուցիչների համար, ովքեր չեն հաղթահարում ատեստավորումը։ Եթե այդ ընթացքում ուսուցիչը գտնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա վերադարձից հետո նա պարտադիր պետք է անցնի առարկայական վերապատրաստում և մասնակցի հաջորդ կամավոր ատեստավորմանը։
Հստակեցվել են նաև այն պահանջները, որոնք վերաբերում են մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցիչներին, եթե նրանք չեն հաղթահարում որևէ առարկայի ատեստավորումը։
Ատեստավորման արդյունքում ուսուցիչներին տրամադրվող հավելավճարի վերաբերյալ կարգավորումները ևս վերաձևակերպվել են՝ բացառելով թյուրըմբռնումները։ Վերանայված ձևակերպումները հնարավորություն կտան հավելավճարների տրամադրման ընթացքը դարձնել առավել հստակ։
Ըստ նախագծի՝ առաջարկվող փոփոխությունները կամավոր ատեստավորման գործընթացն ավելի հստակ կդարձնեն, իսկ դրանից բխող իրավահարաբերությունները՝ առավել իրավաչափ։