26 փետրվարի 2025 - 17:41 AMT
Իրանական ընկերությունների հետ քննարկվում է Չաբահար նավահանգստով բեռների փոխադրումը

Չաբահար նավահանգստով դեպի Հայաստան և Հայաստանից հայկական ու ոչ հայկական բեռների փոխադրումների կազմակերպման նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում ինչպես Չաբահար ազատ տնտեսական գոտու, այնպես էլ ծովային ու ցամաքային բեռնափոխադրումներ իրականացնող իրանական և հայկական ընկերությունների հետ։ Այդ մասին հայտնել են նախարարությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

Ներկայումս իրականացվում են հաշվարկներ Չաբահար նավահանգստով բեռնափոխադրումների սակագների հստակեցման ուղղությամբ։

«Տնտեսական արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել որոշակի քանակությամբ բեռների փոխադրումներ, որոնց ուղղությամբ նույնպես աշխատանքներ են ընթանում»,- ասվում է նախարարության գրության մեջ։

Նախարարությունը նաև հայտնել է, որ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը 2023–ի նոյեմբերի 11-14-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Չաբահար նավահանգստի և համանուն ազատ տնտեսական գոտու ղեկավարության հետ։ Այդ հանդիպումներին մասնակցել են նաև հայկական բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ։

«Այցի ընթացքում հայկական և իրանական ընկերությունների միջև ստորագրվել են համագործակցության փոխըմբռնման հուշագրեր, և հայկական բեռնափոխադրող ընկերություններից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել Չաբահար ազատ տնտեսական գոտում գրանցվելու և գործունեություն ծավալելու վերաբերյալ»,- ասվում է նախարարության պատասխանում։

Ավելի վաղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանը դիտարկում է համագործակցության հնարավորություններ Չաբահար նավահանգստում օպերատոր հանդիսացող India Ports Global Ltd. & Ports ընկերության հետ։ Սակայն նախքան համագործակցության ձևաչափի որոշումը, անհրաժեշտ է ստանալ տեխնիկատնտեսական հիմնավորումներ, որոնց հիման վրա կկայացվի վերջնական որոշումը։

2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել էր, որ «այս հարցում մենք բավականին գործնական փուլ ենք մտել»։ Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան էլ ավելի վաղ հայտնել էր, որ սպասում են Հայաստանի կողմից հստակ առաջարկների։ Դեսպանը հույս էր հայտնել, որ Չաբահար նավահանգստի օգտագործումը կօգնի Հայաստանին հաղթահարել Սև ծով ելք չունենալու հետ կապված դժվարությունները։

Բացի այդ, նախկինում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել էր Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին, որտեղ Չաբահար նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկման ընթացքում ներկայացրել էր Հայաստանի հետաքրքրվածությունը այս հարցում։