26 փետրվարի 2025 - 18:31 AMT
ՀՅԴ-ն աշխատում է Թրամփի վարչակազմի հետ՝ արցախցիների վերադարձի և գերիների հարցով

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտարարել է, որ Արցախին անհրաժեշտ է միջանկյալ կարգավիճակ, իսկ արցախցիները պետք է վերադառնան իրենց հայրենիքը՝ միջազգային երաշխիքների ապահովմամբ։ Նա ընդգծել է, որ Դաշնակցությունը լոբբիստական աշխատանք է իրականացնում այս ուղղությամբ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միջին Արևելքում: Հիմա մանրամասնությունների մեջ մտնելն անիմաստ է, որովհետև սկզբնական շրջանի մեջ ենք տակավին, բայց ամենաբարձր մակարդակով են տեղի ունենում այդ խորհրդակցությունները, օրինակ՝ Ֆրանսիայի պարագայում՝ ուղղակի նախագահական պալատի հետ, Ամերիկայի պարագայում՝ նոր վարչակարգի հետ», - նշել է Տեր-Խաչատուրյանը, հայտնում է «Ազատությունը»։

Երբ նրան հարցրել են, թե որքանով է հնարավոր այս գործընթացը, հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները արցախցիների վերադարձն անհնար են համարում, իսկ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է, նա արձագանքել է., որ դա դժվարացնում է գործը։

«Չէ, չի բարձրացնում այդ հարցը, և դա խոչընդոտում է: Անշուշտ, որ դժվարացնում է: Մենք միշտ առաջարկել ենք այդ, բայց դժբախտաբար՝ երբեմն խուլ և համր են ձևացնում այդ ուղղությամբ»,–ասել է նա։

ՀՅԴ-ն հենց նախընտրական շրջանում դիմել է Թրամփին՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով։ Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ նախընտրական շրջանում Թրամփն ավելի շատ խոստումներ է տվել, քան նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը։

«Նաև գերիների հարցով իրեն հատուկ խնդրանք ենք ներկայացրել, որ ճնշում բանեցվի Ադրբեջանի վրա, որպեսզի ազատ արձակի ռազմաքաղաքական գերիներին: Դա ներկայացրել ենք ընտրություններից ճիշտ առաջ երկու թեկնածուներին՝ իրեն և Քամալա Հարիսին: Երկուսն էլ խոստացել են, բայց Թրամփը մի քիչ ավելի էր խոստացել՝ ի զարմանս մեզ, որովհետև հայկական հարցերով այդքան էլ մտահոգված չէր իր առաջին շրջանում, բայց այս անգամ բավական լրջորեն հայկական այսպես կոչված դոսյեն ուսումնասիրել էր՝ իր շրջապատի հետ մեր տարած աշխատանքից հետո», - նշել է Տեր-Խաչատուրյանը։

Հարցին, թե արդյոք ընտրություններից հետո որևէ ազդակ ստացել են Թրամփի վարչակազմից, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանել է. «Այո, ստացել ենք և ուրախ ենք Ձեզ ասել, որ երեք անձինք կան, որոնք ամենաբարձր պաշտոններում են՝ Մարկո Ռուբիո, Թալսի Գաբբարդ, ինչպես նաև Ռոբերտ Քենեդի, որոնք ոչ միայն ծանոթ են հայությանը, այլև մի մասն այցելել է Արցախ»։

«Այդ իմաստով կան նախանշաններ, բայց շատ վաղ է, որ հարյուր օրվա մեջ նախագահը Հայաստանի առաջնահերթությունը բարձրացնի իր առաջին դասի մեջ, այդպես չէ: Բայց վստահ եղեք, որ շարունակվելու է աշխատանքը, և ամեն գնով այդ ճնշումները մենք բանեցնելու ենք», - ընդգծել է Տեր-Խաչատուրյանը։

Նա նշել է, որ արցախահայության վերադարձի հարցը բարձրաձայնելու հետ մեկտեղ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կխթանեն նրանց համախմբված կյանքը Հայաստանում և կկանխեն արտագաղթը։

Նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփն անդրադարձել է արցախահայության էթնիկ զտման թեմային՝ կիրառելով «Արցախ» տերմինը։ Նա քննադատել է Քամալա Հարիսին, պնդելով, որ վերջինս ոչինչ չի ձեռնարկել, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ բռնի տեղահանվել են Արցախից։ Թրամփը խոստացել է պաշտպանել հալածված քրիստոնյաներին, դադարեցնել բռնությունները և նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանը։