27 փետրվարի 2025 - 12:57 AMT
ՀՀ դեսպանը՝ Financial Mirror’s-ին. ԵՄ-ի հետ հարաբերությունները պատմական մաքսիմումի են հասել

Հունաստանում և Ալբանիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը, Financial Mirror’s-ին տված հարցազրույցում, նշել է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները հասել են պատմական մաքսիմումի՝ ընդգծելով Հռոմի ստատուտի վավերացումը, ԵՄ խաղաղության հիմնադրամի ծրագրերին Հայաստանի մասնակցությունն ու վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը։

«Նախկինում երբեք մեր հարաբերությունների մակարդակն այսքան ինտենսիվ, այսքան մտերմիկ չեն եղել։ Մենք ԵՄ-ի հետ ակտիվորեն համագործակցում ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում, որը մեր համագործակցության շրջանակն է, բայց հիմա մենք արդեն խոսում ենք նոր համաձայնագրի միջոցով այդ փոխգործակցությունն ամրապնդելու մասին, որը հիմա քննարկվում է»,- ասել է դեսպանը, հայտնում է Արմենպրեսը։

Տիգրան Մկրտչյանը նշել է, որ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության բարձր մակարդակի մասին։ Նա հիշեցրել է նաև Եվրոպոլի հետ ստորագրված համաձայնագրի մասին, կարևորել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որի մանդատը վերջերս երկարաձգվել է ևս երկու տարով։

Դեսպանն ընդգծել է, որ հասարակական հարցումները ցույց են տալիս Հայաստանի բնակչության լայն աջակցությունը եվրոպական ուղղությանը։ Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։

«Իհարկե, սա շատ աշխատանք, բյուրոկրատիա և ջանքեր է պահանջելու, բայց ո՞վ է ասել, որ ամեն ինչ հեշտ է լինելու։ Ոչ ոք չի պնդում, որ դա հեշտ է լինելու։ Մենք պետք է անցնենք այդ ճանապարհը, որքան էլ այն դժվար լինի։ Բայց ես կարծում եմ, որ դա ի շահ հայերի է ու, ընդհանուր առմամբ, ի շահ Հայաստանի բարգավաճման է»,- ասել է նա։

Խոսելով Կիպրոսի հետ հարաբերությունների մասին՝ Մկրտչյանը նշել է, որ Կիպրոսը մշտապես աջակցել է Հայաստանին, իսկ Երևանն էլ՝ իր հերթին, կանգնած է Կիպրոսի կողքին բոլոր մակարդակներում։ Նա կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը և Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափը։

Դեսպանը մանրամասնել է, որ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է նպաստել տարածաշրջանի զարգացմանը՝ դառնալով միջազգային կապուղիների հանգույց։

«Վրաստանն ու Իրանը դրական են արձագանքել, իսկ Թուրքիան կարող է որոշիչ դեր խաղալ։ Եթե բոլոր կողմերը համաձայնեն, ապա գաղափարը մեծ ներուժ կունենա»,- նշել է նա։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին՝ նա հիշեցրել է, որ կողմերը համաձայնեցրել են պայմանագրի 17 հոդվածներից 15-ը, սակայն դեռևս կան բաց հարցեր։

«Դեռ շատ աշխատանք կա անելու, որովհետև դեռ սահմանի մի մասն է սահմանազատվել։ Բացի այդ, նաև Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունն է նպաստում խաղաղությանը, սակայն, ցավոք, մենք ադրբեջանական կողմից երբեմն լսում ենք շատ ագրեսիվ և թշնամական արձագանք այդ առաքելության վերաբերյալ, ինչը հարցեր է առաջացնում»,- ասել է Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանից հնչող թշնամական հռետորաբանությունը վնասում է խաղաղ գործընթացին։

«Իհարկե, դա նման է տանգոյի, հարկավոր է զուգընկեր ունենալ, որի հետ կպարես։ Եթե մյուս կողմը մշտապես մերժում է, հարվածում է, փորձում է նվաստացնել, դուք երկար ճանապարհ չեք գնա։ Այնպես որ, մենք էլ պետք է զգույշ լինենք»,- ընդգծել է նա։

Դեսպանը նաև արձագանքել է Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերման վերաբերյալ Ադրբեջանի անհանգստություններին՝ շեշտելով, որ Հայաստանը իրականացնում է պաշտպանական բարեփոխումներ և ունի իր ժողովրդի անվտանգությունն ապահովելու լիարժեք իրավունք։

Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։