Ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովին պատկանող Փարիզի Նեյ-սյուր-Սեն թաղամասի շքեղ բնակարանն այժմ զբաղեցնում են ուկրաինացի փախստականները։
150 քմ մակերեսով այս բնակարանը, որը տեղակայված է շենքի չորրորդ հարկում, ներառում է ընդարձակ հյուրասենյակ, երկու ննջասենյակ, աշխատասենյակ, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղի։ Գաբրելյանովը գույքը ձեռք է բերել 2009 թվականին, երբ այն գնահատվել է 2․6 միլիոն եվրո, հայտնում է «Փաստինֆոն»։
Ներկայումս այնտեղ ապրում է Ուկրաինայից եկած չորս հոգանոց ընտանիք։ Նրանք բնակարան են տեղափոխվել վարձակալության պայմանագրով, սակայն երեք ամիս անց դադարել են վճարել բնակավարձը։
Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ որոշակի ժամկետ բնակվելուց հետո սեփականատիրոջ համար վարձակալներին վտարելը դառնում է բավական բարդ գործընթաց, ինչը հնարավոր է միայն երկարատև դատական ընթացակարգերի միջոցով։