Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:
«Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին:
Այդպիսի գործելաոճի մասին են վկայում նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությունները, «Human Rights Watch»-ի և այլ կազմակերպությունների կողմից փաստագրված՝ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային կառույցների, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հետ համակարգված համագործակցությունից խուսափումը:
Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ»,–ասվում է հայտարարության մեջ։
Ըստ նախարարության՝ նրանց շարունակական անօրինական կալանավորումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, որը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք միջազգային փաստաթղթերին, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին, ինչպես նաև Ժնևի IV կոնվենցիային։
ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունները դատական այս գործընթացները կիրառում են Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշումներ գործադրելու նպատակով, ինչպես նաև ադրբեջանական հասարակության մեջ մանիպուլյացիաներ իրականացնելու համար։ Նախարարությունն ընդգծել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ադրբեջանական մեդիան շարունակում է հայատյացության քարոզչությունը։
Միևնույն ժամանակ, նախարարությունը շեշտել է, որ ցանկացած հակամարտության կարգավորման կարևոր տարրերից մեկը ժողովուրդների խաղաղության նախապատրաստումն է, մինչդեռ մարդասիրական խնդիրների արհեստական ձգձգումը հակասում է այդ նպատակի իրագործմանը։ Այդ գիտակցումը բազմիցս բարձրաձայնվել է Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում և տարբեր միջազգային հարթակներում։
ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումները՝ խթանելու փոխադարձ ըմբռնումն ու մերժելու թշնամանքի խորացումը։
«Հարցի վերջնական հասցեագրման մերժման պայմաններում Հայաստանը չի կարող անմասն և անտարբեր մնալ, ուստի շարունակելու է այն բարձրացնել տարբեր հարթաներում և ձևաչափերով՝ ակնկալելով լուծումներ և դրական առաջընթաց»,–ասվում է հայտարարության մեջ։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։
Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։
Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։