«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է, որ պարտադրանքի ու ճնշման ներքո գտնվող իշխանությունները չեն կարող երկիրը հանել ստեղծված իրավիճակից։
Նա նշել է, որ ՀՀ-ում 2018-ին իշխանության եկած անձինք չունեին պետական կառավարման և Արցախի հարցով բանակցությունների փորձ, ինչից էլ օգտվելով՝ Ադրբեջանը ներքաշել է մեր երկիրը մի իրավիճակի մեջ, որի հանգուցալուծումն եղել է 44-օրյա պատերազմը, հայտնում է Aysor.am-ը։
Նրա պնդմամբ, գործող իշխանությունների հետևանքով մեր ժողովուրդը պարտություն է կրել։
«Դրանից հետո մենք մի քանի անգամ փրկության ու համախմբման կոչեր ենք արել, որպեսզի կարողանանք հեռացնել հիմնական մեղավորներին՝ այս իշխանություններին, սակայն դա մեզ չի հաջողվել։ Ակնհայտ է, որ պարտադրանքի ու ճնշման ներքո գտնվող այս իշխանությունները, որոնք հնարավոր է որոշակի պարտավորվածություններ ունեն Ադրբեջանի նկատմամբ, չեն կարողանալու երկիրն այս իրավիճակից դուրս բերել, բանակցողը պետք է փոխվի և նա պետք է լինի այնպիսի ուժ, որը տիրապետում է իրավիճակին»,–ասել է նա։
Օհանյանը նաև ընդգծել է, որ իրենք ընդդիմադիր ուժերին կոչ են անում համախմբվել մեկ գլխավոր նպատակի շուրջ՝ գործող իշխանության հեռացման համար։
«Ընդդիմադիր դաշտն ազատ է։ Պայքարը շարունակական է լինելու և այն կապված է իրավիճակի հետ»,- հավելել է նա։