28 փետրվարի 2025 - 16:53 AMT
ԱՆ․ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոխվելու հարց չի քննարկվել

Նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքների կազմակերպման մեկնարկը տրված է, սակայն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջիկա նիստի օրվա և օրակարգի վերաբերյալ հաստատված տեղեկատվություն դեռևս չկա։ Այդ մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նա նաև տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարց չի քննարկվում, իսկ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում դեռևս անդամներ չեն ընտրվել։

«Ներկայում չի քննարկվում Վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 111-Ա որոշմամբ հաստատված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարցը: Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, ապա պետք է նշել, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ներկայում անդամներ դեռևս ընտրված չեն»,–ասել է նա։

Անդրադառնալով խորհրդի առաջիկա նիստի ժամկետներին և քննարկվելիք հարցերին՝ Հովսեփյանը նշել է, որ «սույն գրությունը ներկայացնելու պահի դրությամբ (փետրվարի 28-ի դրությամբ-խմբ․) առաջիկա նիստի օրվա և դրա օրակարգի վերաբերյալ հաստատված տեղեկատվություն առկա չէ», սակայն շեշտել է, որ նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներն արդեն սկսված են։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:

Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: