28 փետրվարի 2025 - 17:34 AMT
Մարության․ Պահանջում ենք գերիների ազատումը դարձնել Բաքվի հետ բանակցությունների կարևոր պայման

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությաննիր զորակցությունն է հայտնել Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանին ու նրա ընտանիքին և կոչ արել Վարդանյաին դադարեցնել հացադուլը։

Մարությանը պահանջ է ներկայացրել իշխանություններին՝ գերիների ազատումը դարձնել Բաքվի հետ բանակցությունների կարևոր պայման։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Բաքվում հայ ռազմագերիներն ու պատանդներն անմարդկային պայմաններում են պահվում։ Ակնկալել, որ մարդու իրավունքների պաշտպության վարկանիշերում վերջին տեղերը զբաղեցնող Ադրբեջանի ռեժիմը կմտահոգվի հայ պատանդների առողջության կամ արժանապատիվ պաշտպանության հարցերով, միամտություն կլիներ։

Անհասկանալի է, սակայն, Հայաստանի իշխանությունների վարքագիծը, որոնք ոչ միայն գերիների ազատման հարցում (և ոչ միայն) կրավորական կեցվածք են ընդունել Բաքվի հետ շփումներում, այլև չեն խորշում տարբեր տրամաչափի կուսակցական գործիչների բերանով, ներքաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով, կշտամբել կամ վիճակի պատասխանատվությունը բարդել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցներին։ Դա միանգամայն անընդունելի է։

Պահանջում ենք քաղաքական իշխանությունից՝ հանրությանը տեղեկացնել բոլոր հայ պատանդների ու ռազմագերիների ազատման ուղղությամբ գործողությունների ծրագիրը, պահանջում ենք նրանց ազատումը դարձնել Բաքվի հետ բանակցությունների կարևոր պայման։

Սիրելի՛ ժողովուրդ, oտար գերության մեջ գտնվող յուրաքանչյուր մեր հայրենակից, անկախ նախկինում զբաղեցրած պաշտոնից ու գործունեությունից, մեր եղբայրն է, մեր հարազատը։ Մեր աղոթքներն ու մտքերը նրանց հետ են։ Համբերություն ու տոկունություն եմ մաղթում նրանց հարազատներին։

Հատկապես այս օրերին հացադուլի մեջ գտնվող, ֆիզիկական ու հոգեկան խոշտանգումներ վերապրող Ռուբեն Վարդանյանին ու նրա հարազատներին ուզում եմ փոխանցել մեր զորակցությունը։ Շատ կուզեի խնդրել նրան՝ դադարեցնել իրավունքների պաշտպանության համար այնպիսի ծայրահեղ գործողությունը, ինչպիսին է հացադուլը։

Ամուր եղեք, և Աստված մեզ պահապան»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ իր բողոքն արտահայտելով Ադրբեջանի կողմից իր դեմ կազմակերպված դատական գործընթացի դեմ։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ նրա առողջությունը և անվտանգությունը լրջագույն վտանգի տակ են։

Տեսաուղերձով է հանդես եկել նաև Վարդանյանի որդին՝ պնդելով, որ հայրը ենթարկվել է խոշտանգումների։