Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ–ի ուշադրությունն է հրավիրվել Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարությունում տեղ գտնող խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը:
Պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն:
Նշվում է, որ այս տարվա հունվարին դատարանի միջոցով ստացվել են Ադրբեջանում պահվող անձանց վերաբերյալ որոշ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են նրանց հարազատներին։ Ի պատասխան՝ փետրվարի 27-ին Հայաստանը ներկայացրել է իր դիտարկումները ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկատվության վերաբերյալ՝ պահանջելով ավելի մանրամասն տվյալների տրամադրում։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցրել է, որ 2021-2024 թվականներին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել միջպետական գանգատներ՝ կապված Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումների հետ։ Դրանք ներառում են կյանքի իրավունքը, խոշտանգումներից և նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև մի շարք այլ հիմնարար իրավունքներ։
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ», - ասվում է հայտարարության մեջ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: