1 մարտի 2025 - 11:34 AMT
Զինծառայությունից խուսափելու համար պատիժները կխստացվեն

Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն խստացնել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատիժները։

Փետրվարի 27-ին հանրային քննարկման է դրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներառում է խստացումներ ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) և 462-րդ (Վարժական հավաքից խուսափելը) հոդվածներում, հայտնում է «Փաստինֆոն»։

Ներկայումս զինվորական ծառայությունից խուսափելը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով, իսկ եթե դա կատարվել է հիվանդության սիմուլյացիայի, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության միջոցով, պատժաչափը սահմանված է 4-8 տարի։ Զորահավաքից խուսափելու կամ ռազմական դրության պայմաններում նման արարքի դեպքում նախատեսված է ազատազրկում՝ վեցից տասներկու տարի ժամկետով։

Առաջարկվող փոփոխություններով պատժաչափերը խստացվում են երեք տարով։ Օրինագծում նշվում է. «1-ին մասում «երկուսից հինգ» բառերը փոխարինել «երեքից վեց» բառերով: 2-րդ մասում «չորսից ութ» բառերը փոխարինել «հինգից տասը» բառերով: 3-րդ մասում «վեցից տասներկու» բառերը փոխարինել «իննից տասնհինգ» բառերով»։

Վարժական հավաքներից խուսափելու համար ներկայումս սահմանված է առավելագույնը երկու տարվա ազատազրկում, սակայն առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է խստացնել ինչպես տուգանքի չափը, այնպես էլ ազատազրկման ժամկետը՝ սահմանելով «մեկից երեք տարի ժամկետով» ազատազրկում։

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունները միտված են ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նկատմամբ համարժեք իրավական արձագանք ապահովելուն ու նմանատիպ երևույթները նվազեցնելուն։

Նախաձեռնությունը մշակվել է արդարադատության նախարարության կողմից։