1 մարտի 2025 - 14:47 AMT
PKK-ն դադարեցնում է զինված պայքարը՝ արձագանքելով Օջալանի կոչին

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը` PKK-ն հայտարարել է, որ դադարեցնում է իր երկարամյա զինված պայքարը Թուրքիայի կառավարության հետ։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ խմբավորման բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ արեց վայր դնել զենքերը։

PKK-ին մոտ կանգնած լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ խմբավորումը հայտնել է, որ հույս ունի, որ թուրքական իշխանությունները կազատեն Օջալանին, որպեսզի նա կարողանա ղեկավարել զինաթափման գործընթացը, հայտնում է Deutsche Welle-ն։

«Ապոյի՝ խաղաղության և ժողովրդավարական հասարակության կոչն իրագործելու ճանապարհ հարթելու համար մենք այսօրվանից հայտարարում ենք հրադադար»,– ասվում է PKK-ի հայտարարությունում։

Այն փոխանցել է ANF լրատվական գործակալությունը։

«Մենք ամբողջությամբ համամիտ ենք այս կոչի բովանդակության հետ և հայտարարում ենք, որ հետևելու ենք և կյանքի ենք կոչելու այն»,– նշված է հայտարարությունում։

PKK-ն, որը Թուրքիան, Եվրամիությունը և ԱՄՆ-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն, 1980-ականներից զինված պայքար է մղում՝ ձգտելով կա՛մ անկախ քրդական պետության, կա՛մ ինքնավարության Թուրքիայի հարավարևելյան շրջաններում։ Սակայն վերջին հայտարարությունները վկայում են, որ կազմակերպությունը հրաժարվում է անկախ պետություն ստեղծելու պահանջից։

Photo. AP