1 մարտի 2025 - 12:28 AMT
Հռոմի Պապի վիճակը բրոնխոսպազմից հետո կայուն է

Վատիկանը նոր մանրամասներ է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ նա բրոնխոսպազմ է տարել։

Նշվում է, որ դա հանգեցրել է փսխման, որի հետևանքով որոշ քանակությամբ հեղուկ ներշնչվել է, ինչը հանկարծակի վատթարացրել է նրա շնչառական վիճակը, հայտնում է Vatican News-ը։

Բժիշկները շտապ կատարել են բրոնխիալ ասպիրացիա՝ շնչուղիները մաքրելու համար, ապա կիրառել են ոչ ինվազիվ մեխանիկական օդափոխություն, ինչը նպաստել է արյան մեջ թթվածնի մակարդակի կարգավորմանը։

Պապն ամբողջ ընթացքում մնացել է գիտակից և ամբողջովին համագործակցել է բուժաշխատողների հետ։ Բժիշկները նշում են, որ բրոնխոսպազմի այս դրվագից հետո Պապի վիճակը լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ կլինի մոտ 24-48 ժամ։

Առավոտյան նա ստացել է Սուրբ Հաղորդություն։

Փետրվարի 27–ին Պապի համար աղոթք է բարձրացվել Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի մոտ, որը Հայ Առաքելական եկեղեցու ամենապաշտելի սրբերից է, և որի արձանը կանգնեցված է Վատիկանի այգիներում, հայտնում է Vatican News-ը։

Աղոթքը կատարվել է Վատիկանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։

Պապը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ շնչառական վարակի հետևանքով։