1 մարտի 2025 - 12:51 AMT
Փաստաբան․ Ղուկասյանը կալանավորված չէ, գուցե ազատության որոշ սահմանափակում կա

ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ իր վստահորդը ոչ կալանավորված է, ոչ էլ ձերբակալված, սակայն հնարավոր է, որ որոշակի սահմանափակումներ ունենա ազատության հարցում, հայտնում է «Ազատությունը»։

«Սկսվել է իրավական գործառույթ, և Վարդան Ղուկասյանը ևս մասնակիցն է այդ իրավական գործառույթի: Պայմանավորված այդ գործառույթի, այսպես ասած, գաղտնիությամբ, և, ինչու չէ, նաև արդարադատության շահերից ելնելով՝ մանրամասներ չեմ ասի։ Ավելին ասեմ, որ այդ գործառույթները, ըստ էության, ԱՄՆ-ի փաստաբանների տիրույթում են», - նշել է Բաղդասարյանը։

Հարցին, թե արդյոք Ղուկասյանը գտնվում է անազատության մեջ, փաստաբանը պատասխանել է. «Այսպես ասած՝ վերջինս կալանավորված չէ, արձանագրում եմ իմպերատիվ, ձերբակալությունը տարբեր ֆորմատով կարելի է հասկանալ, պայմանավորված այդ իրավական գործառույթով՝ անձին չեն ձերբակալել, անձը ընդամենը, կապված այդ գործառույթներով, այնտեղի պետական լիազոր մարմինների հետ կատարվում է որոշակի քննություն; Իրավունքները սահմանափակված չեն, ազատության հետ կապված միգուցե մասնակի սահմանափակումը կա՝ պայմանավորված արդարադատության շահով»։

Ինչ վերաբերում է Ղուկասյանի ներկայիս գտնվելու վայրին, ապա ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նա գտնվում է Նևադայի Հենդերսոնի ժամանակավոր պահման կենտրոնում։

Բաղդասարյանը, սակայն, նշել է, որ այդ մասին տեղեկություն չունի։

«Չունեմ տեղեկություն դրա հետ կապված, ինձ դա չի էլ հետաքրքրել»,–ասել է նա։

Փաստաբանը նշել է, որ իրավական գործընթացը վարում են ամերիկացի փաստաբանները, և իր ունեցած տեղեկությունները ստացել է նրանցից՝ հավելելով, որ գործընթացը սկսվել է մոտ մեկ շաբաթ առաջ։

Երբ նրան հարցրել են, արդյոք սա միգրացիոն հարց է, Բաղդասարյանը պատասխանել է, որ կարելի է ասել՝ այո։

«Այո, կարող ենք ասել, այո, դա ... գաղտնիության հետ կապված խնդիր ես չեմ տեսնում, այդ թվում նաև միգրացիոն հարց է: Տեղեկացնեմ, որ վերջինս ունի, որքան ես գիտեմ, կարգավիճակ՝ կոնկրետ ԱՄՆ-ում ունի համապատասխան կարգավիճակ, այդ թվում նաև՝ բնակվելու, որքան ես տեղյակ եմ: Իսկ մնացյալը շատ մոտ օրերի ընթացքում, կարծում եմ, դրա գնահատականը կտան և՛ այնտեղի պետական լիազոր մարմինները, ինչու չէ՝ նաև Վարդան Ղուկասյանը ևս, կարծում եմ, հանդես կգա դրա հետ կապված»,–հավելել է նա։

Հենդերսոնի կենտրոնում, որտեղ, ըստ ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության, գտնվում է Ղուկասյանը, պահվում են հիմնականում ներգաղթի կամ այլ ոչ ծանր հանցագործությունների հետ կապված անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր դատապարտվել են մինչև մեկ տարվա ազատազրկման։ Այս հաստատությունում կալանավորվածները շաբաթական ընդամենը երկու անգամ՝ 20-րոպեանոց հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն, իսկ հեռախոսազանգերի արգելքն առկա է, բացառությամբ փաստաբանների և պրոբացիոն ծառայության աշխատակիցների։

Բաղդասարյանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք վերջին մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեցել է շփվելու իր վստահորդի հետ։

«Զուտ պայմանավորված, որ նման լիազորություն չունեմ իմ վստահորդից», - նշել է նա։

Մինչդեռ ԴՕԿ կուսակցությունը որևէ տեղեկություն չի տրամադրում Ղուկասյանի պահման վայրի կամ պատճառների վերաբերյալ, սակայն հայտնում է, որ ստորագրահավաք է սկսվել՝ նրա արտահանձնմանը դեմ արտահայտվելու համար։ Համաձայն կուսակցության հայտարարության՝ մտավախություն կա, որ արտահանձնման դեպքում նա կարող է ենթարկվել անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների։

Լևոն Բաղդասարյանը, սակայն, բացառել է Ղուկասյանի արտահանձնումը՝ պնդելով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում Հայաստանում։ Նրա խոսքով, այս փաստն արձանագրել է նաև Ինտերպոլը։

«Արձանագրված է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում Հայաստանում: Եթե դուք տեղյակ չեք, տեղեկացնեմ, որ ամիսներ առաջ այդ հեղինակավոր կառույցը վերացրեց Հայասստանի կողմից ներկայացված միջազգային հետախուզումը, և պատճառներից մեկն էլ նաև դա էր»,–ասել է նա։

Փաստաբանը նաև նշել է, որ իրավական տեսանկյունից Ղուկասյանի արտահանձնումն անհնար է։

«Տիրապետելով համապատասխան տեղեկատության իրավական, ես իրավական հարթության վրա բացառում եմ: Եթե կան այլ, քաղաքական հարթակում այլ գործառույթներ և այլն, քաղաքականությունը իմը չի, ես դա չեմ կարող ասել: Զուտ իրավական հարթության վրա իմպերատիվ եմ արձանագրում, որ հանգուցալուծվելու է այս իրավական խնդիրը», - ընդգծել է Լևոն Բաղդասարյանը։

Հայաստանում ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի և բռնության հրապարակային կոչերի համար, սակայն նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։