1 մարտի 2025 - 15:03 AMT
Պենտագոնը դադարեցնում է բոլոր ռազմական կիբերգործողությունները ՌԴ դեմ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հանձնարարել է զինված ուժերի կիբեր հրամանատարությանը դադարեցնել Ռուսաստանի դեմ ցանկացած ուղղվածությամբ պլանավորումը, ներառյալ հարձակողական կիբերարշավները։ Ինչպես հաղորդում է The Record-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, այս որոշումը կայացվել է փետրվարի 28-ին։

Հայտնի չէ, թե երբ է արգելքմ ուժի մեջ մտնելու։ Աղբյուրների փոխանցմամբ՝ հրամանատարությանը տեղեկացրել են, որ այն կգործի «մոտ ապագայում»։ Ներկայումս կիբեր հրամանատարությունը իրականացնում է «ռիսկերի գնահատում», որի արդյունքների հիման վրա Հեգսեթին կներկայացվի այն գործողությունների ցանկը, որոնք ենթակա են սառեցման, ինչպես նաև՝ Ռուսաստանի կողմից պահպանվող հնարավոր սպառնալիքները, գրում է Deutsche Welle-ն։

Հրամանը փոխանցվել է կիբեր հրամանատարության ղեկավար գեներալ Թիմոթի Հոին, որը, իր հերթին, այն հասցրել է ենթականերին, այդ թվում՝ ԱՄՆ կիբերուժերի օպերատիվ գործունեության պատասխանատու գեներալ-մայոր Ռայան Հերիթիջին։ Սակայն, ըստ աղբյուրների, արգելքը չի տարածվում Ազգային անվտանգության գործակալության վրա, որը նույնպես գլխավորում է Հոն, ինչպես նաև նրա՝ Ռուսաստանի դեմ ռադիոտեխնիկական հետախուզական գործունեության վրա։

The Record-ի տվյալներով՝ արգելքը կարող է տարածվել նաև Ուկրաինային աջակցություն ցուցաբերող կիբերառաքելությունների վրա։ Նախկինում ԱՄՆ-ի կիբեր մասնագետները գործուղվել են Կիև՝ երկրի «թվային պաշտպանության» ամրապնդման նպատակով, ինչպես նաև՝ Մոսկվայի հնարավորությունները հետազոտելու համար, ներառյալ՝ հետախուզական գործողությունները։

ԱՄՆ կիբերուժերի ապագան դեռ անորոշ է։ Ներկայումս դրանց կազմում ծառայում է մոտ վեց հազար զինծառայող, որոնցից յուրաքանչյուր չորրորդն աշխատում է Ռուսաստանի հետ կապված խնդիրների վրա։ Վաշինգտոնը Մոսկվային վաղուց համարում է գլոբալ կիբերհանցագործության կենտրոն, որը ներգրավված է եղել ԱՄՆ-ի մասնավոր ընկերությունների և պետական կառույցների դեմ իրականացված բազմաթիվ հարձակումներում։

Աղբյուրները նշել են, որ Հեգսեթի հրամանը տրվել է մոտ մեկ շաբաթ առաջ և որևէ առնչություն չունի Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Զելենսկու միջև վերջերս տեղի ունեցած սկանդալի հետ։ Նրանց ուղիղ եթերում տեղի ունեցած վիճաբանությունը հանգեցրել է Ուկրաինայի պատվիրակության հեռանալուն Սպիտակ տնից։

Փետրվարի 28–ի երեկոյան Սպիտակ տան Օվալաձև սրահում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որն անցել է լրագրողների ներկայությամբ, տապալվել է՝ կողմերը մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, հանքանյութերի վերաբերյալ պայմանագիրը չի կնքվել, իսկ համատեղ ասուլիսը չեղարկվել է։