ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Բաքվում ընթացող շինծու դատավարություններին, շեշտել է, որ Բաքվում ընթացող այսպես կոչված դատավարության ժամանակ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը կրկին ընդգծել է, որ ինչպես նախաքննության փուլում, այնպես էլ այժմ, վստահ է՝ արցախյան հիմնախնդիրը չի կարող դառնալ քրեական կամ դատական քննարկման առարկա։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Բացվածքով` առավել պարզ ասած, նախագահն ասում է, որ հիմքում ունենալով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան հոդվածն ու ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակներն ու սկզբունքները՝ 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժումն ու ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով գնալն արցախցիների օրինական իրավունքն է եղել:
Բակո Սահակյանը, չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը, դատարանում պնդել է, որ ինքը, այդ հոդվածով անցնող մեր մյուս հայրենակիցներն ապօրինի, քրեորեն պատժելի որևէ արարք չեն կատարել»,- նշել է Աբրահամյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: