Մարտի 1–ին Հայաստանում հարգում են 2008 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակը, որի ժամանակ ՀՀ 10 քաղաքացի է զոհվել։
2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:
Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց 10 մարդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի Մանկական այգում հարգանքի տուրք են մատուցել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակին։ Նրանք ծաղիկներ են դրել Երևանի քաղաքապետարանի դիմաց 2023 թվականին տեղադրված հուշարձանին։
2024-ի սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ վճռաբեկ դատարանը բեկանել է դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը, և Մարտի 1–ի գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։