1 մարտի 2025 - 14:10 AMT
Փաշինյան․ Ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում գերիների մասին` այլևս սադրել չենք կարող, խոշտանգումն արդեն տեղի է ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ, տեսնելով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները և Ռուբեն Վարդանյանի խոշտանգման փաստը, լիովին կիսում է հասարակության ապրումները։

«Հասկանում եմ այն մարդկանց պահանջներն ու արձանագրումները, որոնք արվում են։ ԱԳՆ-ն ու ես հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս»,- նշել է նա լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետն ընդգծել է, որ եթե վստահ լիներ, որ այս գործընթացների մասին բացահայտ խոսելը դրական ազդեցություն կունենար, ապա անպայման կաներ դա։

«Բայց ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ ասելը վնաս է տալու գործին, վնաս է տալու այդ մարդկանց։ Խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն բացահայտ են։ Կարող եք ասել՝ «ԱԳՆ-ի հայտարարությունը հիմա, կարծես թե, ավելի հստակ էր, ինչո՞ւ մինչև հիմա ավելի հստակ չէր». մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն, ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում, որովհետև այլևս սադրել չենք կարող, դա արդեն տեղի է ունեցել, սրանում է ամբողջ պատմությունը»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ դիվանագիտական հնարավոր աշխատանքներ արվում են։

«Բայց ուզում եմ մի բան արձանագրել՝ մենք աշխարհն ավելի լավ իմանալու ու ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ մենք բոլոր դեսպաններին հրավիրեցինք, ձևակերպեցինք, հիմա նրանք դուրս են գալու, ու հարցը լուծվելու է։ Ո՛չ, այդպես չէ։ Այս ու բոլոր համատեքստերում մենք աշխարհն ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք՝ սկսած ինձնից»,- ասել է նա։

Վարչապետն ընդգծեց՝ սենտիմենտները՝ սենտիմենտներ, բայց նաև պետք է փորձել բանաձևերով, ինչն անում են իրենք։

Նա վստահեցրեց, թե բոլոր բանակցություններում բարձրացնում են ռազմագերիների հարցը։

«Ընդ որում, մենք այդ հարցը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում, այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, քանի դեռ արդյունք չեն տվել, չեն երևում»,- հավելել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։

Հայաստանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: