1 մարտի 2025 - 16:04 AMT
Բնակապահովման ծրագրով ԼՂ–ից տեղահանված 27 ընտանիք է դեռևս կարողացել փաստացի գումար ստանալ

Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակապահովման ծրագրից փաստացի կարողացել է օգտվել ընդամենը 27 ընտանիք, այն դեպքում, երբ տեղահանվածների թիվը գերազանցում է 100,000-ը, հայտնում է «Փաստինֆոն»։

2024-ի օգոստոսին ՀՀ կառավարությունը հայտարարեց այս ծրագրի մասին, սակայն սահմանված չափորոշիչները այնքան խիստ են եղել, որ իրականում շատ քիչ շահառուներ են կարողացել օգտվել դրանից։ Տեղահանվածները բազմիցս բարձրաձայնել են ծրագրի դժվարանցանելիության մասին, սակայն կառավարությունը չի վերանայել պայմանները՝ չնայած այն փաստին, որ ծրագիրը ի սկզբանե պետք է լուծեր հենց նրանց խնդիրները։

«25.02.2025թ. դրությամբ ունենք բռնի տեղահանված արցախցիների հաստատված 680 դիմում»,- հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նույն աղբյուրի համաձայն՝ 5 ընտանիք բնակարան է գնել Երևանում, 2-ական ընտանիք՝ Աբովյանում և Սիսիանում, 1-ական՝ Նոր Խարբերդում, Գավառում և Վայոց Ձորի Ազատեկ համայնքում։

«Եվս 15 շահառու հավաստագիրն իրացրել է ծրագրի 3-րդ բաղադրիչով՝ աջակցությունն ուղղելով գործող հիփոթեքային վարկի մարմանը», - հայտնել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Զառա Մանուչարյանը։

Այսպիսով, ավելի քան 100, 000 տեղահանվածներից ծրագրի շահառու է դարձել ընդամենը 680-ը, որից 12-ը ստացել է գումար և գնել բնակարան, իսկ 15-ն այդ միջոցներն ուղղել է արդեն իսկ ձեռք բերած բնակարանի հիփոթեքի մարմանը, քանի որ տրամադրված գումարը բավարար չի եղել նոր տուն գնելու համար։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։