1 մարտի 2025 - 16:27 AMT
ՊԵԿ–ը պարզաբանել է, թե առանց մաքսատուրքի դեռ քանի էլեկտրամոբիլ է հնարավոր ներմուծել ՀՀ

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ։

Նշվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025–ի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.

- 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

- 2․ 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025թ. փետրվարի 28-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.

- 454 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) մոտ 15%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

- 4795 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) մոտ 96%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից: