3 մարտի 2025 - 10:17 AMT
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորան»՝ «Օսկարի» լավագույն ֆիլմ

Դերասաններ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դարձել է 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության հաղթող 5, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել ֆիլմը նկարահանած Շոն Բեյքերը։ Նրան մրցանակը հանձնել է Քվենտին Տարանտինոն։

«Քվենտին, եթե դու չնկարահանեիր Մայքիին «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում, ապա «Անորան» չէր լինի»,–ասել է Բեյքերը։

«Լավագույն դերասանուհի» կոչմանն արժանացել է Մայքի Մեդիսոնը։

Ֆիլմը մրցանակի է արժանացել նաև «Լավագույն մոնտաժ» ու «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։

Տարվա լավագույն ֆիլմի կոչման համար «Անորան» մրցել է «Բրուտալիստը», «Լիարժեք անհայտությունը», «Կոնկլավ», «Դյունա. Մաս երկրորդ», «Էմիլիա Պեռեզ», «Ես դեռ այստեղ եմ», «Նիքել բոյզ», «Սուբստանցիա» և «Չարը» ֆիլմերի հետ

«Լավագույն դերասան» է ճանաչվել Էդրիեն Բրոդին՝ «Բրուտալիստը» ֆիլմի համար։

«Անորան» արժանացել էր նաև «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին Կաննի 2024 թվականի կինոփառատոնում։