3 մարտի 2025 - 11:03 AMT
Գարեգին Բ․ Պահեցողությունն առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները

Մարտի 3–ին սկսվել է Մեծ պահքը, որը տևելու է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն։ Պահքի ընթացքում հավատացյալները հրաժարվում են ոչ միայն կենդանական ծագում ունեցող սննդից, այլև վնասակար սովորություններից, մեղանչական խոսքերից ու գործերից։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Մեծ պահքի առիթով իր ուղերձում նշել է, որ պահեցողությունն առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, սրբվելու մեղքից, մերժելու արատավոր ընթացքները, աննկուն մնալու հավատով ու ոգով և ապրելու Աստծո պատվիրաններով:

«Պահքի աղոթական պտուղը մաքրությունն է սրտի, որը ձգտում է կատարելության՝ ըստ տերունական կոչի. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48)։

Այսպես կարող պիտի լինենք, ունկնդիր Մեծ Պահքի խորհրդին և Պահոց կիրակիների պատգամներին, հաստատելու մեր կյանքը աստվածապատվեր սիրո, արդարության ու բարության շավիղներում։ Յուրաքանչյուր հավատացյալի աստվածահաճո կենցաղավարությամբ է նաև, որ հավելվում է մեր ժողովրդի ներուժը՝ Տիրոջն ապավինած դիմագրավելու առկա մարտահրավերները և դառնալու զորեղ ազգ ու պետություն։

Հայցենք, որ Փրկչի Սուրբ Հարության կենարար շնորհներով վերափոխվենք և շեն ու պայծառ դարձնենք ազգային մեր կյանքը։ Թող Աստծո ամենախնամ Սուրբ Աջի ներքո խաղաղ ու անվտանգ լինի մեր հայրենիքը, և բարօր ու ապահով՝ համայն մեր ժողովուրդը ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ. ամեն»,–ասվում է ուղերձում։

Մեծ Պահքի 40 օրերը խորհրդանշում են Քրիստոսի քառասնօրյա ծոմապահությունը անապատում, որին հաջորդում է ևս մեկ շաբաթ՝ Ավագ Շաբաթը։ Այդ պատճառով պահքը տևում է 48 օր։

Պահոց շրջանում ընդունված չէ պսակադրություն կատարել, սակայն Վազգեն Ա կաթողիկոսի որոշմամբ այն որոշ բացառիկ դեպքերում թույլատրվում է։ Հայ եկեղեցին Մեծ Պահքի յոթ կիրակիներն անվանակոչել է ըստ դրանց խորհրդանշական նշանակության՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ։

Այս տարի Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին։