Հանրապետությունում ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը ընթանում է պլանավորված կարգով, և մինչ այժմ պատվաստվել է 1900 երեխա։ Այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։
Նրա խոսքով՝ պատվաստումները մեկնարկել են 2025 թվականի հունվարի 31-ից, և ենթակա են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված ու 12 ամսականը լրացած երեխաները։ Ըստ նախատեսված ծրագրի, 2027 թվականին այս երեխաները կստանան երկրորդ դեղաչափը, որն ապահովում է ամբողջ կյանքի ընթացքում պաշտպանվածություն ջրծաղիկի դեմ։
Գրիգորյանը նշել է, որ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 22,011 դեպք, իսկ միայն 2025-ի հունվարին՝ 2363 դեպք։ Հաշվի առնելով հիվանդության պարբերական բնույթը՝ նա նշել է, որ 2024-ը համընկել է ջրծաղիկի բռնկման բարձրացումների փուլին, մինչդեռ 2025-26 թվականներին կանխատեսվում է նվազման միտում։
Վարչության պետի խոսքով՝ ջրծաղիկի դեմ պատվաստումը ներառվել է պատվաստումների ազգային օրացույցում՝ հաշվի առնելով հիվանդության հանրային առողջապահական ռիսկերը, միջազգային փորձը, ինչպես նաև պատվաստանյութի արդյունավետության ու անվտանգության բարձր մակարդակը։
Ներկայումս Հայաստանի բոլոր պատվաստում իրականացնող բուժհաստատությունները ապահովված են պատվաստանյութով և շարունակում են իրականացնել պատվաստումների պլանավորումը։