3 մարտի 2025 - 14:02 AMT
Փոխնախարար․ Գերիների հարցն ԱԳՆ օրակարգում է, բայց քայլերը գոհացուցիչ չեն

Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում է, սակայն իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։ Այդ մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք ԵՄ-ի հետ աշխատանքների ընթացքում կամ այլ դիվանագիտական խողովակներով ԱԳՆ-ն բարձրացրել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Տեղի ունեցող այս դատավարությունների ֆոնին ԵՄ-ն ի՞նչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական իշխանությունները վերադառնան միջազգայնորեն ճանաչված պարտավորությունների կատարմանը»,– հարցրել է Գևորգյանը։

Ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշել է, որ ԱԳՆ-ն ոչ միայն վերջին շրջանում, այլ միշտ պահել է այս հարցը օրակարգում՝ ԵՄ-ի հետ բոլոր հանդիպումների և շփումների ընթացքում։

«Կոնկրետ գործողությունները, քայլերը, ասել, որ մեզ համար գոհացուցիչ են՝ ոչ, բայց պետք է շարունակել աշխատանքը։ Ինչպես գիտեք, դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, այդ առումով թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են աշխատանքները»,– ասել է փոխնախարարը։

Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք։

Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած նրա խնդրանքին՝ մյուսների գործի հետ միավորելու վերաբերյալ, դատարանը որոշել է 422 հատորից 400-ը դիտարկել առանձին։ Փետրվարի 26-ին հայտնի է դարձել, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, քանի որ փետրվարի 19-ից նա հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում։