ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմի ժամանումը Հայաստան հետաձգվում է։ Այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ ձգձգումը պայմանավորված է ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությամբ։
«Ժամկետային առումով, հաշվի առեք, որ փոփոխվել է ամբողջ ադմինիստրացիան»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պայմանավորվածությունը չի չեղարկվել, հայտնում է Aysor.am-ը։
ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմ կժամանի Հայաստան՝ աջակցելու տեղական գործընկերներին սահմանային անվտանգության կարողությունների զարգացման հարցում։
Նա նաև ընդգծել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սեփական տարածքում պաշտպանելու ջանքերին։