3 մարտի 2025 - 14:50 AMT
ԵՄ–ին ՀՀ անդամակցելու մեկնարկի մասին նախագիծն ԱԺ առաջիկա քառօրյայում չի ընդգրկվի

«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը չի ընդգրկվի Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի օրակարգում։ Այդ մասին որոշում է կայացվել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում։

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նկատել է. «Քանի որ մեր քննարկումը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված վերջնաժամկետն է այս քառօրյայում նախագիծն ընդգրկելու համար, ես առաջարկում եմ նախագծի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել և արդեն քննարկել ևս մեկ անգամ՝ հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստին դիտարկելու համար, հայտնում է 1lurer.am-ը։

Այս քառօրյային «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով մենք այլևս տեխնիկապես էլ չենք հասցնի նախագիծն ընդգրկել, քանի որ պիտի դա անեինք մինչև ժամը 12:00-ը: Ես նախատեսում էի, որ 2 ժամը մեզ կհերիքի, բայց չհերիքեց»:

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը չի համարվում ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ, հայտնում է Արմենպրեսը։

«Այս օրենքը չի հանդիսանում Եվրամիության անդամակցության հայտ: Այս օրենքը համապատասխանում է մեր՝ ԵՄ-ի հետ առավել մերձեցման ուղղությանը»,- նշել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այս գործընթացը աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում դիտարկելու անհրաժեշտություն չկա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը զարմանք է հայտնել՝ նշելով. «Ստացվում է, որ օրենքն ընդունում ենք, բայց անդամակցության չենք ձգտում: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ենք ընդունում այդ օրենքը»:

Ի պատասխան՝ Պարույր Հովհաննիսյանը պարզաբանել է. «Մենք սկսում ենք անդամակցության գործընթաց, բայց դա չի նշանակում անդամակցության հայտ ներկայացնել: Պարզապես դրա մասին եմ խոսում»:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հստակեցրել է՝ «Որովհետև, երբ գործընթացը սկսում է, մի որոշակի փուլում դա ենթադրելու է նաև անդամակցության հայտ ներկայացնել: Ոչ հիմա, գուցե մի տարի հետո: Բայց օրենքը հենց անդամակցության մասին է, որին պետք է նախորդի անդամակցության հայտը: Թե երբ, կախված կլինի դրան նախորդող գործողություններից»:

Փոխնախարարը համաձայնել է Արման Եղոյանի մեկնաբանության հետ։

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, որը ներկայացվել է Ազգային ժողով՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով։ Նախաձեռնությունը հավաքել էր 50 հազարից ավելի քաղաքացիների ստորագրություն, այնուհետև հաստատվել էր Կառավարության կողմից և ներկայացվել խորհրդարանի քննարկման։ Նախագիծը նախորդ քառօրյայում արդեն անցել էր առաջին ընթերցմամբ քննարկում և ընդունում։