ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ, «Եվրաքվե» նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ Եվրոպայից արդեն արձագանքներ են ստացվել։
«Ոչ միայն այս երկու շաբաթվա ընթացքում, այլև հանձնաժողովի առաջին նիստից մինչև ԱԺ լսումներ ընկած ժամանակահատվածում մենք արդեն ունենք արձագանքներ Եվրոպայից. ոչ միայն քաղաքական մակարդակով արձագանքներ, այլև այնպիսի ծրագրեր, որոնք ներկայացված եղել են դրամաշնորհի համար ՀՀ տարբեր կառույցների կողմից, որոնք ժամանակին մերժված են եղել, իրենց իսկ նախաձեռնությամբ առաջարկություն է եղել նորից ներկայացնել այդ ծրագրերը՝ ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված»,- նշել է նա, հայտնում է 1lurer.am-ը։
Նրա խոսքով՝ արձագանքները չեն սահմանափակվել միայն այս ուղղությամբ։
«Բացի դրանից՝ նաև եղել է Բալթիկ երկրների համաժողովը, որտեղ քաղաքական բազմաթիվ ուղերձներ են եղել, մեսիջներ, առաջարկներ»,–ասել է Զեյնալյանը։
Պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, թե արդյոք եվրոպական պաշտոնական կառույցների կողմից կա՞ ֆորմալ արտահայտված ցանկություն՝ սկսելու անդամակցության գործընթաց այս օրենքի ընդունումից հետո, Զեյնալյանը նշել է, որ այս քննարկումների ընթացքում ավելի է ամրապնդվել այն համոզմունքը, որ Հայաստանի եվրաինտեգրումը կնպաստի անվտանգության մակարդակի բարձրացմանը։
«Պետական անվտանգությունը բազմաբաղադրիչ է, և ռազմական բաղադրիչն անվտանգության բաղադրիչներից միայն մեկն է: Այստեղ շատ այլ բաղադրիչներ կան, և, մեր համոզմամբ, Հայաստանի անվտանգության երաշխավորը եվրոպական կառույցների ժողովրդավարական ինստիտուտներն են առաջին հերթին, և հավաքական Արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտները, որոնք նաև ապահովում են իրենց ժողովուրդների ազատությունն ու իրավունքները։
Մեր նպատակը, նաև պետության գոյության իմաստն ու նպատակը մարդու իրավունքների, ազատությունների երաշխավորումն ապահովելն ու պաշտպանելն է, ինչը չկա որևէ այլ կառույցում, որին անդամակցում է ՀՀ-ն՝ բացառությամբ Եվրոպայի խորհրդի և այն կառույցի, որին մենք ձգտում ենք անդամակցել՝ ԵՄ-ի»,- ընդգծել է Զեյնալյանը։
Հայաստանի խորհրդարանը արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը, որը ներկայացվել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Նախաձեռնությունը նախագիծը քննարկման ներկայացնելու համար նախաձեռնել էր ստորագրահավաք՝ հավաքելով 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Առաջին ընթերցմամբ նախագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 7 պատգամավոր։