3 մարտի 2025 - 17:30 AMT
EIU-ի զեկույց․ ՀՀ ժողովրդավարության համաթիվը նվազել է, սակայն երկիրն առաջատար է տարածաշրջանում

Economist Intelligence Unit-ը (EIU) հրապարակել է 2024 թվականի ժողովրդավարության ինդեքսը, որը գնահատում է ժողովրդավարական գործընթացների զարգացումներն ամբողջ աշխարհում։

Ըստ զեկույցի՝ Հայաստանը դասվել է հիբրիդային ռեժիմների խմբին՝ 10-ից 5.35 միավորով, զբաղեցնելով 167 երկրների շարքում 82-րդ հորիզոնականը, գրում է Factor.am-ը։

Հայաստանն ամենաբարձր գնահատականը ստացել է ընտրական գործընթաց ու բազմակարծություն կատեգորիայում՝ 7․92 միավորով, իսկ ամենացածրը՝ քաղաքական մշակույթ՝ 3,13 միավորով։ Մյուս բաժիններում երկրի միավորներն են՝ կառավարության գործունեություն՝ 4․29, քաղաքական մասնակցություն՝ 6․11, քաղաքացիական ազատություններ՝ 5․29։

Վերջին տարիներին Հայաստանը ժողովրդավարության անկում է արձանագրում։ 2022 թվականին երկիրը նույն՝ 82-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, սակայն ուներ ավելի բարձր՝ 5․63 միավոր։ 2023 թվականին այդ ցուցանիշը նվազել էր՝ հասնելով 5․42-ի, իսկ 2024-ին՝ 5․35-ի։

Չնայած այս նվազմանը՝ Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ ժողովրդավարության համաթվի առաջատար։ Վրաստանը 94-րդ տեղում է (4,70 միավոր), Ադրբեջանը՝ 126-րդ (2,80 միավոր), Թուրքիան՝ 103-րդ (4,26 միավոր), իսկ Իրանը՝ 154-րդ (1,96 միավոր)։

Հետխորհրդային երկրներից Հայաստանը զիջում է միայն Մոլդովային, որը 6․04 միավորով 71-րդն է և դասվում է թերի ժողովրդավարություն ունեցող երկրների շարքին։ Բալթյան երկրներն այս խմբում բացառություն են կազմում՝ ունենալով ավելի բարձր ժողովրդավարական ցուցանիշներ։