Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով հերթական դատական նիստը։
Նիստի ժամանակ Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտամկանի ինֆարկտ է ստացել, ինչի հետևանքով շտապօգնություն է կանչվել։ Այդ մասին հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, տեղեկացնում է ArmLur.am-ը։
«Հայրն էլ մի քանի օր առաջ էր սրտամկանի ինֆարկտ ստացել ու այսօր դատարան չի եկել, անկողնային պառկած է։ Ըստ տուժող կողմի՝ մեղադրյալի պաշտպաններն, իմ գնահատակականով, արդեն որերորդ նիստն է՝ շարունակում են սաբոտաժի ենթարկել դատական գործընթացը։ Անցյալ նոյեմբերին մի ամբողջ դատական նիստի կրկնակի հարցաքննել էին փորձագետին՝ նույն 2–3 հարցը (տարբեր ձևակերպումներով) մի քանի ժամ շարունակ տալով։ Այսօր էլի նույն բանն է։ Համոզվում եմ, որ սա հատուկ մտածված տակտիկա է, որի նպատակը դատական գործընթացն այնքան ձգելն է, որ հանցագործության վաղեմության ժամկետն անցնի։ Եվ սա, վստահ եմ, հատուկ խրախուսվում է «վերևներից», հակառակ դեպքում դատավորն այս ձեռառնոցիին վաղուց վերջ դրած կլիներ»,- ասել է Ասլանյանը։
2023 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, վարելով «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն։ Վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Վթարի պահին ավտոշարասյունը ուղեկցելիս է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մահացած կինը հղի էր։