4 մարտի 2025 - 10:45 AMT
Վարդան Ղուկասյանն ԱՄՆ-ում կալանքի տակ է. Նրա գործով դատական նիստը 1 շաբաթով հետաձվել է

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանն այս պահին գտնվում է ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության կալանքի տակ՝ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում, որտեղ նրան սպառնում է արտաքսում։ Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը, հայտնում է Արմենպրեսը։

ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության տվյալներով՝ 47-ամյա Ղուկասյանը 2022–ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն չի պահպանել մուտքի պայմաններով նախատեսված ժամկետները, ինչի հետևանքով ենթարկվել է միգրացիոն ընթացակարգի։

«47-ամյա Վարդան Յուրիկի Ղուկասյանը, ով Հայաստանի քաղաքացի է, գտնվում է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության (ICE) կալանքի տակ՝ Լաս Վեգասում, Նևադա նահանգում: Նա ձերբակալվել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության աշխատակիցների կողմից փետրվարի 20-ին և տեղափոխվել կալանքի՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը»,- ասել է Ալաթեա Սմոքը։

ICE-ի պատասխանից պարզ է դառնում, որ միգրացիոն կանոնների խախտման մեջ մեղադրվող օտարերկրացիներն ունեն որոշ ընթացակարգային երաշխիքներ, որոնք ներառում են փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, արտաքսման մեղադրանքները վիճարկելու, ինչպես նաև համապատասխան ապացույցներ ներկայացնելու հնարավորություն։

«Չնայած կառավարությունը փաստաբան չի տրամադրում՝ ձերբակալված անձինք կարող են օգտվել Արդարադատության նախարարության տրամադրած իրավաբանական ծառայությունների ցանկից և Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի իրավական ծրագրերից։ Միգրացիայի հարցերով դաշնային դատավորները, որոնք գործում են Արդարադատության նախարարության Ներգաղթի վերահսկման գործադիր գրասենյակի (EOIR) շրջանակներում, վարում են դատական գործընթացները՝ ապահովելով իրավական պատշաճ ընթացակարգը։ ICE-ի աշխատակիցները, իրենց հերթին, իրականացնում են միգրացիայի դաշնային դատավորների կողմից ընդունված արտաքսման որոշումները։ Կալանավայրերում տրամադրվում է շաբաթական առնվազն հինգ ժամ հասանելիություն իրավաբանական գրադարանին, ինչպես նաև ամենօրյա հանդիպումներ փաստաբանների հետ՝ սահմանված ժամանակացույցով։ Ձերբակալված անձինք նաև կարող են օգտվել անվճար տեսազանգից կամ վճարովի զանգեր կատարել հատուկ հարթակների միջոցով։ Միգրացիայի կանոնների խախտումների դեպքում ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է վարչական և դատական կարգով հարցի լուծում, իսկ որոշ դեպքերում՝ արտաքսման ընթացակարգ»,- ասված է պատասխանում։

Վարդան Ղուկասյանի միգրացիոն գործով դատական նիստը, որը նախատեսված էր մարտի 3–ին, մեկ շաբաթով հետաձգվել է, հայտնում է «Ազատությունը»։

Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը չի մանրամասնել, թե ինչ հիմքերով է ընդունվել այս որոշումը։

Այժմ դեռևս հայտնի չէ, թե մինչև հաջորդ դատական նիստը ԴՕԿ կուսակցության ղեկավարը կշարունակի՞ մնալ ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում, թե հնարավոր է այլընտրանքային միջոցներ կիրառվեն։

Դատավարությունը պետք է տեղի ունենար Լաս Վեգասում։

Ղուկասյանի փաստաբանը ևս մեկ անգամ հաստատել է, որ դատական նիստը վերաբերում է ԱՄՆ ներգաղթի կանոնների խստացմանը։ Միևնույն ժամանակ, Լևոն Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ այս հարցում Ղուկասյանը որևէ խնդիր չունի։

Ավելի վաղ, ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ Վարդան Ղուկասյանը վերահսկողության տակ է, սակայն, ըստ կուսակցության, նա ձերբակալված չէ։

Հայաստանում Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված է քրեական գործ՝ խարդախության, շորթման, սպառնալիքների և բռնության հրապարակային կոչերի մեղադրանքներով, սակայն նա իր մեղքն ամբողջությամբ հերքում է։ ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում։