4 մարտի 2025 - 13:00 AMT
Միրզոյանը դիվանագետների է պարգևատրել

Մարտի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում անցկացվել է ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Միրզոյանը մի քանի դիվանագետի պարգևատրել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալով՝ գնահատելով նրանց ներդրումը և ծառայությունը դիվանագիտության ոլորտում։

Իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է դիվանագիտական ծառայության դերը, ընդգծելով դիվանագետների անձնվեր աշխատանքը հատկապես ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում։ Նախարարը շնորհավորել է ՀՀ բոլոր դիվանագետներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց և նրանց ընտանիքներին հաջողություն։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տոնական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նոր դիվանագետների երդման արարողությունը, որից հետո ՀՀ վարչապետը նրանց հանձնել է դիվանագետի վկայականներ։