Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որտեղ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ մասնակցում է հայկական միասնական տաղավարով։ Սա հնարավորություն է տալիս հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները։
Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայկական տաղավար՝ ծանոթանալու հայկական կազմակերպությունների ցուցադրած արտադրանքին։
Ցուցահանդեսին մասնակցում է տեխնոլոգիական ոլորտի 17 կազմակերպություն, որոնցից 10-ը ներկայացնում են իրենց արտադրանքն ու լուծումները, իսկ 7-ը հանդես է գալիս որպես այցելուներ։ Մասնակցում է նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը։
«Համաշխարհային բջջային կոնգրեսը» կապի և բջջային տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջազգային հարթակներից է, որտեղ ներկայացվում են նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ և մի շարք այլ նորամուծություններ։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ և պանելային քննարկումներ, որտեղ պետական պաշտոնյաներն ու մասնագետները հնարավորություն կունենան հաստատելու նոր գործարար կապեր։