4 մարտի 2025 - 17:21 AMT
Բաքուն պատասխանել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն արձագանքելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկին, որը հայտարարել է, որ Ադրբեջանում կամայականորեն պահվող հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։

Հաջիզադեն հայտարարել է, թե խաղաղության ջանքերի գնահատումը «չպետք է մթագնի ամբողջական պատկերը», հայտնում է Trend-ը։

Գերիներին խոշտանգումների ենթարկող երկրի ներկայացուցիչը խոսել է «արդար դատավարության» և «օրենքի գերակայության» մասին։

«Արդար դատավարությունը, որը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին, վճռորոշ նշանակություն ունի ճշմարտության բացահայտման, զոհերի նկատմամբ արդարության հաստատման և օրենքի գերակայության ապահովման համար։ Միայն ճշմարտության և վերքերի բուժման շնորհիվ խաղաղությունն ու հաշտեցումը կհաղթահարեն անպատժելիությունը», – ասել է Հաջիզադեն։

Մարտի 3-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը իր համապարփակ զեկույցում հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ հայերի խնդրին։

«Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»,- ընդգծել է նա։

Տյուրկն իր զեկույցում նշել է նաև, որ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ հույս հայտնելով, որ դրանք «կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին», որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը բերել։