4 մարտի 2025 - 17:59 AMT
Մասկը հորդորել է Զելենսկուն հեռանալ Ուկրաինայից և համաներում ստանալ որևէ չեզոք երկրում

ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման վարչության (DOGE) ղեկավար, Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը հորդորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հեռանալ երկրից և համաներում ստանալ որևէ չեզոք պետությունում՝ «Ուկրաինայում ժողովրդավարությանը խաղաղ անցման դիմաց»։ Նա այդ մասին գրել է X–ի իր միկրոբլոգում։

Նա այս խոսքերը հավելել է իր հայտարարությանը, որով մեղադրում էր Զելենսկուն պատերազմը երկարաձգելու մեջ՝ իշխանությունը պահպանելու նպատակով։

Մասկը գրել է. «Ինչքան էլ դա տհաճ է, Զելենսկուն պետք է առաջարկվի ինչ-որ տեսակի համաներում չեզոք երկրում՝ Ուկրաինայում ժողովրդավարությանը խաղաղ անցման դիմաց»։

Այս առաջարկը հնչում է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կողմնակիցները մեծացնում են ճնշումը Զելենսկու վրա՝ նրան անվանելով բռնապետ և քննադատելով նրա դժկամությունը խաղաղ բանակցություններ վարելու հարցում։ Վերջերս Թրամփը նախազգուշացրել է, որ Զելենսկին «չի մնա երկար», եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրին, և դադարեցրել է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ուկրաինային։

Փետրվարի 28–ի երեկոյան Սպիտակ տան Օվալաձև սրահում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որն անցել է լրագրողների ներկայությամբ, տապալվել է՝ կողմերը մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, հանքանյութերի վերաբերյալ պայմանագիրը չի կնքվել, իսկ համատեղ ասուլիսը չեղարկվել է։ Եվրոպական երկրների ղեկավարներն աջակցություն են հայտնել Զելենսկուն։