4 մարտի 2025 - 18:10 AMT
Սինանյան․ Արարատից հրաժարվելու խոսք չի եղել, եղել է Արագածը ևս սիրելու մասին

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը համաձայն չէ այն դիտարկմանը, որ ՀՀ կառավարությունն իր վերջին հայեցակարգով հրաժարվել է Արարատ լեռից ու Արևմտյան Հայաստանի պահանջատիրությունից:

«Արարատից հրաժարման որևէ պնդում չի եղել, խոսք է եղել Արագածը ևս սիրելու մասին»,- նշել է Սինանյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ սփյուռքի շատ ներկայացուցիչներ Արարատը տեսնում են միայն պատից կախված նկարներով, մինչդեռ ինքն այն ամեն օր տեսնում է։

«Դա ամեն օր մեր աչքի առաջ է, և դա զգացմունքների մի ամբողջ բուք է առաջացնում մեր հոգում, սրտում, այնուամենայնիվ, շարունակում ենք ապրել այստեղ այն իրականությունում, որը կա։ Արագած լեռը սիրելն էլ վատ գաղափար չէ։ Շատ լավ գաղափար է, պատմական լեռ է, որը, բարեբախտաբար, գտնվում է ՀՀ տարածքում»,- ասել է նա։

Անդրադառնալով ցեղասպանության հարցը պետական օրակարգից հանելու վերաբերյալ մտահոգություններին՝ Սինանյանը նշել է, որ սփյուռքի համայնքները մեծապես ձևավորվել են Հայոց ցեղասպանության հետևանքով, ինչի պատճառով այդ հարցը նրանց համար առանձնահատուկ նշանակություն ունի։

Նա հավելել է, որ իր շփումների ընթացքում փորձում է սփյուռքի ներկայացուցիչների հետ գտնել ընդհանուր դիրքորոշում՝ ընդգծելով, որ ցեղասպանությունն անհերքելի փաստ է, որևէ մեկը չի հերքել և չի կարող հերքել այն:

«Ցեղասպանության ճանաչումն էլ կարևոր է, բայց այն պետք է լինի թիրախային, այսինքն՝ ունենալով սահմանափակ կարողություններ ու լծակներ արտերկրում, ցեղասպանության ճանաչման գործընթացի արդյունքում ի՞նչ արդյունք ենք ուզում ստանալ։ Եթե դա զուտ մեր բարոյական հաղթանակն է, մենք արդեն տարել ենք այդ բարոյական հաղթանակը և արևմտյան աշխարհը, մեծ իմաստով, արդեն ճանաչել է ցեղասպանությունը։ Հարց է ծագում՝ և՞, հետո՞... Այդ հարցը միշտ է եղել»,- նշել է նա։

Սփյուռքի հարցերով հանձնակատարը նկատեց, որ մյուս կողմից նաև հարց է բարձրացվում հողերի վերադարձի մասին։

«Բայց այստեղ էլ հարց է ծագում։ Անկեղծ պետք է ասել, որ 25-26 տարի Արցախ ունեինք, որը հայ ժողովրդի վերահսկողության տակ էր։ Արի ու տես՝ որևէ մեկը սփյուռքից չեկավ ու չբնակվեց այնտեղ՝ որպես հայկական ազատագրված տարածքներ։

Հիմա խոսենք այդ հողերի մասին՝ ի՞նչ նպատակով է, քանի՞ հոգի է իմ նման իրենց կյանքի մեծ մասը դրսում ապրելուց հետո եկել ու ապրել ՀՀ-ում, կամ՝ գնան և ապրեն այդ հողերում։

Մեր ասելիքն է՝ եկեք սահմանենք իրատեսական նպատակներ, որով բարելավելու ենք մեր ազգի ճակատագիրը։ Նման նպատակ կարող է լինել ՀՀ-ի անվտանգությունը, այն զանգվածի, որը շարունակում է ապրել իր պատմական հայրենիք մի մասի վրա»,- ասել է Սինանյանը։

Փաշինյանը Շվեյցարիաում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ասել էր, որ պետք է հասկանանք, թե «ինչ է եղել և ինչու»։ Ավելի ուշ, ասուլիսում նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի։ Նա նաև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը ՀՀ քրեական հանցագործություն է։