ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։
«Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ և շարունակելու ենք աշխատել։ Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է։ Կարծում եմ, որ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաներն էլ են հասկանում»,- ասել է Սիմոնյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա ընդգծել է, որ Հայաստանը բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելով խաղաղության հաստատման ուղղությամբ։
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան, նկատելով Հայաստանի այդ նախաձեռնությունները, առավել հստակ կարտահայտի իր դիրքորոշումը։
Սիմոնյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Ժնևում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ, որտեղից, ըստ նրա, ստացել է դրական ազդակներ։
2021–ի դեկտեմբերին Երևանն ու Անկարան պաշտոնապես հայտարարել էին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Այդ նպատակով երկու երկրներն էլ հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել․ Թուրքիան՝ Վաշինգտոնում իր նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2023 թվականի գարնանը Մարգարա անցակետի տարածքը հանձնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։ Այժմ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ռուստամ Բադասյանը օգոստոսի 1-ին նշել էր, որ Մարգարայի անցակետի գործունեության մեկնարկի համար անհրաժեշտ է քաղաքական որոշում։