ՀՀ-ում միջազգային իրավական հարցերով պատասխանատու Եղիշե Կիրակոսյանը Ազգային ժողովում խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի մասին՝ ընդգծելով, որ մամուլում հրապարակված լուսանկարներն ուղարկվել են Եվրոպական դատարան՝ պահանջելով, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցնի տրամադրել լրացուցիչ տեղեկություններ այդ անձանց մասին։
«Ժամանակին մենք միջպետական գանգատ էինք ներկայացրել, որը ներառում է նաև գերիների կտորը։ Բայց նաև ունենք երկրորդ առանձին գանգատը, որի գրավոր փուլն ավարտվել է նախորդ տարվա վերջին` դեկտեմբերին։ Ունենք կիրառած միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որի շրջանակներում պարբերաբար ստանում ենք տեղեկություններ պահվող անձանց առողջական վիճակի և նրանց պահման պայմանների մասին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ վերջին տվյալները փոխանցվել են փետրվարի սկզբին, գրում է Radar.am-ը։
Կիրակոսյանի խոսքով՝ գերիների վերաբերյալ տեսանյութերն ու լուսանկարները վերլուծության են ենթարկվում։
«Դրանք ներկայացվում են եվրոպական դատարանի ուշադրությանը՝ պահանջելով, որ եվրոպական դատարանը պարտավորեցնի լրացուցիչ տեղեկատվություն տրամադրի ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության մասով, այլ նաև բոլոր պահվող անձանց մասով։
Մեզ մոտ էլ կան որոշակի անհանգստություններ կապված այնտեղ պահվող անձանց իրավունքների հետ կապված։ Այդ ուղղությամբ իրականում փորձում ենք բավականին մանրամասն աշխատանք կատարել։ Կշարունակենք աշխատանքները»,–ասել է նա։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։