Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի պետական հեռուստաընկերությանը (IRIB) տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի ներգրավվի Իրանի դեմ որևէ գործողության մեջ։
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորված հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա, որոնք զգայուն են միմյանց պետական շահերի նկատմամբ։ Ըստ նրա՝ Իրանի կայունությունը, զարգացումը և անվտանգությունը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։
«Կան գործոններ, որոնք նեգատիվ են ազդում, այդ գործոնները գաղտնիք չեն, այդ թվում՝ բարդ հարաբերություններն են Իրանի և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք նույնպես ունենք հարաբերություններ, ընդ որում՝ լավ հարաբերություններ: Մենք փորձում ենք Իրանի այս զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում՝ այն պատճառով, որ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից»,–ասել է վարչապետը։
Նա նաև պատասխանել է այն դիտարկմանը, որ իր կառավարությունը համարվում է արևմտամետ և արդյոք դա չի ազդի Իրանի հետ հարաբերությունների վրա։
«Մեր կառավարությունը որդեգրել է հավասարակշռված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է, որ մենք չենք կարող ունենալ որևէ ուղղությամբ կողմնակալություն։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի պետական շահերի հիման վրա»,–ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը դեռևս 2000 թվականից անդամակցում է Եվրոպայի խորհրդին և սերտ կապեր ունի եվրոպական կառույցների հետ։ Փաշինյանը նաև նշել է, որ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ձեռնամուխ է եղել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչի շրջանակում ակտիվորեն համագործակցում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի հետ։
Միաժամանակ, ըստ նրա, Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային հարաբերություններին և հարգանքով է վերաբերվում այն հանգամանքին, որ յուրաքանչյուր երկիր ունի իր զարգացման մոդելն ու քաղաքական մոտեցումները։ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի նպատակը ոչ թե արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման հաշվին տարածաշրջանային կապերը թուլացնելն է, այլ հակառակը՝ բազմակողմանի զարգացումն ու համագործակցությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ձգտում է ամրապնդել կապերը նաև իսլամական աշխարհի հետ, այդ թվում՝ Իրանի հետ, ինչը բխում է երկրի հավասարակշռված արտաքին քաղաքականությունից։
«Ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները որևէ վտանգ չեն պարունակում Իրանի համար, և նույնկերպ ակնկալում եմ, որ Իրանը ևս չի ունենա Հայաստանի համար սպառնալիքներ պարունակող երրորդ կողմերի հետ հարաբերություններ։ Մեր հարաբերությունները կառուցվում են բնական վստահության վրա»,–ասել է վարչապետը։
Լրագրողը հարցրել է, որ եթե արևմտյան երկրները սպառնալիք ներկայացնեն Իրանի նկատմամբ, ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Հայաստանը։
«Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Այսինքն՝ մեր բնականոն և բնական շահերը հենց այն գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար, Իրանի զարգացումը չափազանց կարևոր է մեզ համար և Իրանի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար, և ես նույնիսկ չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա ասելու, թե ինչու, որովհետև դա այնքան ակնհայտ է»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Իրանի տնտեսական կայունությունը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար, օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իրանից ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունելու, ինչը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Իրանում լինի տնտեսական աճ, կայունություն և անվտանգություն։
Փաշինյանը խոսել է նաև առևտրատնտեսական համագործակցության մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը և Իրանը Հյուսիս-հարավ ուղղությամբ մեծ ներուժ ունեն համագործակցության զարգացման համար։ Նա հավելել է, որ Հայաստանը Իրանի համար կարող է դառնալ դեպի արևմուտք և հյուսիս տանող ամենավստահելի և կարճ ճանապարհը, և այս թեման ևս քննարկվում է երկու երկրների միջև։
Անդրադառնալով ԱՄՆ հետ ստորագրած ռազմավարական համագործակցության համաձայնագրին՝ Փաշինյանն ասել է, որ արտաքին քաղաքականության հավասարակշռվածության շրջանակում ՀՀ–ն զարգացնում է հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի։
«Այո, մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել, ընդ որում՝ բոլորովին վերջերս է ստորագրվել այդ փաստաթուղթը, և մենք պիտի այդ փաստաթուղթը որպես օրակարգ վերցնենք և փորձենք իրագործել։
Ընդ որում՝ շատ կարևոր է արձանագրել, որ դա հրապարակային փաստաթուղթ է, և ես կարևորում եմ դա, որպեսզի մեր հարևանների, գործընկերների, մեր տարածաշրջանի համար մեր մտադրությունները լինեն թափանցիկ։ Մենք հույս ունենք, որ այդ համաձայնությունը կիրագործվի, կյանքի կկոչվի և այդ համագործակցության համատեքստում մեր տարածաշրջանի համար ոչ թե սպառնալիքներ կձևավորվեն կամ կավելանան, այլ ընդհակառակը՝ հնարավորությունները, որոնք միշտ էլ գոյություն ունեն, ավելի կընդգծվեն։ Սա, իհարկե, հեշտ չէ, բայց ինչպես ասացի, երբեք էլ հեշտ չի եղել և երբեք էլ հեշտ չի լինելու, պետք է պարզապես գտնել ուղիներ, ճանապարհներ, կամք այդ հնարավորությունները ստեղծելու և օգտագործելու ուղղությամբ»,–ասել է Փաշինյանը։
Լրագրողը նշել է, որ պատմությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ն հաճախ չի կատարում իր պարտավորությունները։
«Մեր բոլոր հարաբերություններում փորձում ենք հաշվի առնել նաև մեր տարածաշրջանային շահերը և մենք շարունակելու ենք այս գործելակերպով առաջնորդվել»,–եզրափակել է Փաշինյանը։