Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, պատախասնելով լրատվամիջոցների հարցերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածի մասին, ասել է, թե ՀՀ–ն պետք է գործնական քայլեր ձեռնարկի հաղորդակցությունները բացելու համար։
Փաշինյանն իր հոդվածում նշել էր, որ Հայաստանի ճանապարհները բաց են ադրբեջանական տրանսպորտային միջոցների համար, տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացումը նախապատրաստված է և իրագործման համար պետք է միայն Բաքվի համաձայնությունը։
Հաջիզադեն ասել է նաև, թե Հայաստանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո «որևէ իրական քայլ չի ձեռնարկել հաղորդակցությունների բացման ուղղությամբ», գրում է Minval.az-ը։
ԽՍՀՄ փլուզումից ի վեր ՀՀ հետ սահմանը փակած և 2023–ին Արցախի ամբողջական շրջափակում և էթնիկ զտում իրականացրած երկրի ներկայացուցիչը Հայաստանին մեղադրել է Նախիջևանի շրջափակման մեջ, որի հետ Ադրբեջանը մշտական կապի մեջ է Իրանի տարածքով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել «Արմենպրես» լրատվական գործակալությունում ՀՀ և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանն ամենից հաճախ շահարկում է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հարցը՝ մեղադրելով Հայաստանին պայմանավորվածությունների չկատարման մեջ, սակայն, ըստ նրա, իրականությունն այն է, որ երկու կողմերն են պարտավորվել բացել տրանսպորտային և տնտեսական կապերը, և այս պահին Ադրբեջանի տարածքում չկա ոչ մի բաց ճանապարհ, երկաթուղի, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ կամ մալուխ, որոնք հնարավորություն կտային Հայաստանի կամ Հայաստանի տարածքով անցնող փոխադրամիջոցների տեղաշարժին: