Քաղաքապետարանը տեղեկացրել է, որ համացանցում հայտնվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» անունով կեղծ կայք, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմսեր ձեռք բերել, հայտնում է 1lurer.am-ը։
Ըստ քաղաքապետարանի՝ տրանսպորտի էլեկտրոնային տոմսեր հնարավոր է գնել միայն Telcell Wallet բջջային հավելվածի և պաշտոնական կայքի միջոցով։
«Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները»,- նշում են քաղաքապետարանից։
Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։ Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: