5 մարտի 2025 - 14:51 AMT
Միքայելյանը՝ Արցախի ղեկավարների մասին․ Հավատացին ռուսներին, մինչև վերջ գնացին

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է բոլորս պահանջենք գերիների վերադարձը։

«Հավատացին ռուսներին և մինչև վերջ գնացին»,–ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

«Մենք բոլորս պիտի պահանջենք, որ գերիներին հետ տան, հատկապես՝ երեք նախագահներին, ՊԲ նախկին հրամանատարներին։

Դա մեր բոլորիս պարտքն է, բոլորիս ցավն է, որ այսօր մեր պետության երեք նախագահները գերեվարված են Ադրբեջանի կողմից»,–ասել է նա։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ գերիների խնդիրը պետք է շարունակաբար քննարկման առարկա լինի Ադրբեջանի հետ բանակցություններում։

«Այդ ուղղությամբ իշխանությունները պետք է համապատասխան աշխատանք տանեն՝ այդ հարցը բարձրացնելով և երկկողմ բանակցություններում, և միջազգային հարթակներում»,- ասել է նա՝ շեշտելով, որ նույնիսկ գաղտնի նախաձեռնությունները չպետք է փոխարինեն հրապարակային աշխատանքին, հայտնում է Radar.am-ը։

Նրա խոսքով՝ հարցը պետք է բարձրացվի այնտեղ, որտեղ հնարավոր է հասնել առավել արդյունավետ լուծման, այսինքն՝ միջազգային կառույցներում։ Օհանյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում էր գերիների վերադարձ, սակայն այն չի իրականացվում։

«Անընդհատ հրաժարվելը, Ադրբեջանին անընդհատ զիջելը ոչ մի լավ տեղ չի տանում»,–ընդգծել է նա։

Պատգամավորն անդրադարձել է նաև Բաքվում ընթացող դատավարություններին՝ դրանք որակելով որպես շինծու։

«Այդ դատավարությամբ դատում են ոչ միայն նշված անձանց, այլև՝ Արցախի ինքնորոշման իրավունքը և մեղադրանքների սլաքներն ամբողջությամբ ուղղում դեպի Հայաստանի Հանրապետություն», ասել է Օհանյանը։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։