Ադրբեջանի կառավարությունը մտադիր է փակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի ներկայացուցչությունը։ Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը:
«Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է, որ նախատեսում է փակել Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցչությունն Ադրբեջանում»,–ասել է նա, հայտնում է APA-ն։
Նա նշել է, որ իշխանությունների հետ շփումները շարունակվում են։
«Սա մեր ոչ հրապարակային և երկկողմանի երկխոսության մի մասն է»,–ասել է նա։
Կառավարությունում ընդգծել են, որ այս քայլերը չեն նշանակում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության դադարեցում` Ադրբեջանը կշարունակի համագործակցել նրանց տարածաշրջանային և կենտրոնական գրասենյակների հետ։
Մինչդեռ, ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին: Ամեն ամիս ԿԽՄԿ աշխատակիցներն այցելում են գերիներին, շփվում նրանց հետ և հնարավորություն տալիս կապ հաստատել ընտանիքների հետ։
Ադրբեջանում նախատեսվում է նաև մի քանի ՄԱԿ-ի գրասենյակների փակումը։ Պաշտոնական Բաքուն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA), Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի (UNHCR) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործունեությունը երկրում։