Սոցիալիստ երիտասարդության միջազգային միությունը՝ IUSY-ն, միջազգային հանրությանը հորդորել է պահանջել Ադրբեջանում անօրինաբար պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների ու պատանդների անհապաղ ազատ արձակումը։
«Հունվարի 17-ից ի վեր Ադրբեջանի Բաքու քաղաքում շարունակվում են կեղծ դատավարություններ՝ ուղղված 16 հայ պատանդների դեմ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան քաղաքական և զինվորական ղեկավարներ:
Նրանց դեմ առաջադրված մեղադրանքները՝ սկսած ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների ձևավորում, անհիմն են և քաղաքականապես ուղղորդված: Այս կեղծ դատավարությունները հերթական անգամ կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը և հանդիսանում են հաշվարկված փորձ՝ ջնջելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի պատմական և քաղաքական ինքնությունը:
Մոտ 17 ամիս այս անձինք ապօրինի պահվում են կալանքի տակ՝ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի դաժան ռազմական արշավից հետո, որի հետևանքով ավելի քան 120,000 էթնիկ հայեր հարկադրաբար տեղահանվել են Արցախից/Լեռնային Ղարաբաղից: Նրանց շարունակական կալանքը, ինչպես նաև Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքները կազմում են մարդու իրավունքների և միջազգային իրավունքի ծանր խախտում»,–ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՀՅԴ–ն։
IUSY-ն կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպությանը, Եվրոպական միությանը և առնչակից բոլոր շահագրգիռ կողմերին, անհապաղ գործողություններ ձեռնարկել, մասնավորապես՝
IUSY-ն շարունակում է պաշտպանել Արցախի բնիկ հայ բնակչության անքակտելի իրավունքները, նրանց ինքնորոշման իրավունքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը։
Որպես միջազգային կազմակերպություն, որը հանձն է առել պաշտպանել բոլոր ժողովուրդների ազատությունը, ինքնիշխանությունը և արժանապատվությունը, մենք կշարունակենք մեր առաքելությունը՝ պաշտպանելով ճնշված ազգերի և նրանց հիմնարար իրավունքները»։
IUSY-ն համարվում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական երիտասարդական միությունների խոշորագույն միջազգային կառույցներից մեկը։ 1907 թվականին հիմնադրված այս կազմակերպությունն այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպություններ 110 երկրներում՝ նպաստելով երիտասարդության ներգրավվածությանը, ակտիվիզմին, կրթական ծրագրերին ու գլոբալ շահերի պաշտպանությանը։ ՀՅԴ երիտասարդականը IUSY-ի լիիրավ անդամ է։